Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հերթական վճիռներն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության


Բյուզանդի փողոցի նախկին բնակիչների մոտ տասնամյա պայքարն արդյունք տվեց. ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած 3 վճիռներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 160.000 եվրո վճարել Ղարիբյաններին, Ղասաբյաններին ու Բաղդասարյաններին՝ որպես նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում։

«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները Հայաստանի կառավարությունից պահանջել էին 300 հազար եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44 հազար եվրո փոխհատուցում. 32 հազարը՝ որպես նյութական վնասի և 12 հազարը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Պետական կարիքների, իսկ ավելի ստույգ՝ Հյուսիսային պողոտայի կառուցման համար սեփական տնից զրկված Տատյանա Զարիկյանցին բավարարում է Եվրադատարանի վճիռը։

«Թշնամացած հարձակվել, իմ էրեխեքին դուրս են շպրտել։ [Ռոբերտ] Քոչարյանին, [Երվանդ] Զախարյանին կուզենայի տեսնել, հարցնել՝ իրենց 10 տասը տարվա կյանքը, իրենց էրեխեքի կյանքը ի՞նչ արժի։ Դա արժե՞ք ունի։ Ես կարծում եմ, որ սա շատ մեծ բարոյական հաղթանակ է»,- ասաց Զարիկյանցը։

ԵԴ-ում շահած երեք դիմումատուներն՝ ընտանիքներով, նրանց փաստաբան Արթուր Գրիգորյանի պնդմամբ, արդեն 9 տարի է վարձով են բնակվում։ 9 տարի առաջ կառավարության առաջարկած 20 հազար դոլար փոխհատուցմամբ հնարավոր չէր Երևանի կենտրոնում տուն գնել, նշում է Զարիկյանցը։

«Երբ ես պարոն Քոչարյանի հետ հանդիպեցի, ինքը քաջ տեղյակ էր խնդրից ու ինձ ասաց՝ «դե երևի ինչ-որ բան կարելի էր առնել»։ Ասի՝ պարոն Քոչարյան, նախ և առաջ 20 հազարով ես շան բունն էլ չէի կարող առնել։ Քաղաքի կենտրոնում մի սենյականոցը արժեր 55 հազար։ Ես չեմ ասում, որ կորցրել եմ հողի վրա սեփականություն»,- ասաց Զարիկյանցը։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ բոլոր երեք գործերով դիմումատուները մերժել են, մինչև ՄԻԵԴ դիմելը և ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:

ՄԻԵԴ-ում դիմողների ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն ասաց՝ իրականում կառավարությունը փորձել է մոլորեցնել դիմումատուներին։ 2010-ին առաջարկվել է համաձայնության գալ և դիմողներին պատկանած քանդված տների տեղում նրանց հատկացնել բնակարաններ։ Եվրոպական դատարանը առաջարկը ողջամիտ է թվացել, և դիմումները հանել է քննարկման ենթակա գործերի ցուցակից։

«Հրավիրում են արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանի մոտ՝ բոլորին։ Եվ այստեղ շատ ֆենոմենալ միտք արտահայտեց փոխնախարարը, որ գիտեք՝ ես ԵԴ-ի այդ որոշումները այսպես եմ մեկնաբանում, որ դուք պիտի ձեզ նախկինում վճարած չնչին հատուցումները պիտի վերադարձնեք, որպեսզի ձեզ այս բնակարանները հատկացնենք։ Ժողովուրդը էդտեղ ասաց՝ բայց մենք էլ ենք կարդացել, իրավաբան չլինելով տեսնում ենք, որ էստեղ ակնարկ անգամ չկա այդ մասին»,- պատմեց փաստաբանը։

Դիմումատուների ներկայացուցչի խոսքով՝ պարզվել է նաև, որ բնակարանները ուրիշի սեփականությունն են։ Փաստաբանն ասաց՝ երբ դատարանին ներկայացրել են իրականությունը՝ պահանջելով այդ բնակարանների շուկայական արժեքի փոխհատուցում, ԵԴ-ն որոշել է վերսկսել քննությունը։

ԵԴ-ի վճիռներից հետո դատական ակտերը ենթակա են վերանայման, հայտարարեց Արթուր Գրիգորյանը։ Նրա դիմումատուները պատրաստվում են համարժեք փոխհատուցման հարցը մեր դատական ատյաններում բարձրացնել։

«Տները չեն կարող վերականգնել, բնականաբար, պիտի լինի ամբողջական շուկայական արժեքի փոխհատուցում»,- ասաց Գրիգորյանը։

Մոտ տասը տարի համարժեք փոխհատուցման հույսով պայքարող Տատյանա Զարիկյանցն ասաց.- «Էդ, ինչ տվել են, ուղղակի պարգևատրում է իմ տասը տարվա համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG