Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը հրապարակել է «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը


Հայրենասիրական բանաստեղծություններ գրելու և սեփական իրավունքները պաշտպանելու համար երիտասարդության 8 տարիները սովետական բանտում ու աքսորի մեջ անցկացրած, այժմ էլ ինքնիշխան Հայաստանում անօրինականությունների դեմ պայքարող իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսօր ներկայացրեց իր ու շուրջ 200 հակասովետական ընկերների մասին պատմող գիրքը, որը վերնագրված է՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում»:

Հրատարակման ժամանակը պատահական չէ՝ իրավապաշտպանն ասում է՝ նախորդ սերնդի սխալները կարևոր է ցույց տալ հիմա, երբ ինքնիշխան Հայաստանի ղեկավարությունը մեկ գիշերում որոշեց կրկին ճակատագիրը կապել Ռուսաստանի հետ։

«Հայաստանի անկախ հանրապետության Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց զգում են չեկիստներ: Այդ դեպքում ապագան մշուշոտ է և տխուր: Բայց դա չի նշանակում, որ դա անկասկած լինելու է: Եթե մենք լինենք ակտիվ, եթե մենք լինենք պայքարող, տոկուն, մենք կարող ենք փոխել այդ վեկտորը», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանում է իրավապաշտպանը:

Անցած քսանամյակում գրեթե փոփոխություններ չեն եղել, պնդում են իրավապաշտպանները, սովետական չեկիստների գործելաոճը, ըստ նրանց, այսօր էլ նկատվում է ազատ հռչակված Հայաստանում։

Կյանքի քսան տարիները սովետական բանտում անցկացրած Պարույր Հայրիկյանը նրանց դեմ պայքարը չի դադարեցրել։ Արդեն հասցրել է թերթել գիրքը, որի էջերից մի քանիսն իր ճանապարհի մասին են։

«Այնպես որ մեզանից կախված ամեն բան պետք է անենք, որպեսզի տեղի չունենա Սովետական Միության կամ Ռուսական կայսրության պուտինյան տարբերակի վերականգնումը։ Իսկ լավատեսության բավական լուրջ հիմքեր ունենք: Թե հատկապես որոնք են՝ այսօր չեմ բացի, բայց միայնակ չենք, քաղաքակիրթ աշխարհը մեզ հետ է, այնպես, ինչպես այն ժամանակ», - ասում է նա:

Հայրիկյանի հետ տարիներ շարունակ բանտում անցկացրած Ազատ Արշակյանն էլ իր ելույթում զուգահեռներ անցկացնելով անցյալի ու ներկայի միջև՝ հիշեց սովետական մանկությունը, երբ հեռու օտարի աչքերից՝ ծնողները խոսում էին ազատությունների մասին:

«Մեր ծնողներից մենք լսել ենք ազատության մասին: Նրանք ապրել են ազատ Հայաստանում: Մենք, այսինքն, գիտեինք», - ասում է նա:

Անցյալի սխալները չկրկնելու համար գրքի հեղինակ-իրավապաշտպան Հարությունյանը հույսը կապում է սերնդափոխության հետ։

«Տարբեր կերպ է դա տեղի ունենում՝ ծերանում մեռնում են, նորերն են գալիս, կամ կարողանում է ժողովուրդը դուրս գալ ոտքի, դուրս գալ հրապարակ այնպես, ինչպես Ուկրաինայում է, և զոռով է փոխում, հետո լյուստրացիա է անում, ինչպես որ անում են այսօր Ուկրաինայում», - ասում է Հարությունյանը:

XS
SM
MD
LG