Մատչելիության հղումներ

Խորհրդարանի ոչ իշխանական եռյակի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում, անդրադառնալով եռյակի հասցեին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր հնչեցրած քննադատությանը, նշել է․ - «Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին»:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Ազատության հրապարակի հարթակն առայժմ միացյալ չէ, և եռյակը չունի ամբողջական օրակարգ»:

Հովհաննիսյանը նաև հայտարարել էր, թե առաջիկայում անհապաղ և ամբողջական իշխանափոխության պահանջով «Ժառանգությունը» հավաքներ կանցկացնի Երևանում, Վանաձորում և Գյումրիում:

«Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում», - արձագանքել է ԲՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի պնդմանը, թե մինչև եռյակի գործունեությունը շարունակելու վերաբերյալ իր ներկայացրած նախագիծը չի ընդունվել, հնարավոր չէ խոսել միացյալ շարժման, որոշումների կամ գրասենյակների բացման մասին, Ուրիխանյանը, մասնավորապես, նշել է․ - «Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովդրական պայքարին: Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի»:

«Մենք կարևորում ենք նաև հզոր զանգավածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են և որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ», - հավելել է ԲՀԿ խոսնակն ու եզրափակել․ - «Համաժողովրդական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG