Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Ադրբեջանական կողմից կրակոցներն ինտենսիվացել են


Այդուհանդերձ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ, վստահեցնում է ՊԲ-ն:

Այսօր առավոտյան ավելի ակտիվ են սկսել կրակել ադրբեջանական կողմից, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Այս իրավիճակում, արդեն 9-րդ օրն է՝ հնարավոր չէ մոտենալ վայրին, որտեղ ադրբեջանական կողմը պայթեցրել է հայկական ուղղաթիռը: Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից, հայտարարում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, և ներկա դրությամբ ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:

Ի դեպ, երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, նաև այլ բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական հատուկ ծառայողների մասնակցությամբ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են Զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ:

Հինգշաբթի օրը Սեյրան Օհանյանը հայտարարել էր՝ Հայաստանն առայժմ շարունակելու է դիվանագիտական ճանապարհով լուծել ուղղաթիռի հարցը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հայկական զորքերը 47 հազար զորախմբով «սադրիչ լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացրել Ադրբեջանի գրավյալ տարածքներում»:

Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունն այս նույն տոնայնությամբ էլ բացատրում է հայկական երկու ուղղաթիռներից մեկի խոցման փաստը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները, դրանց արդյունքները՝ իր մեկնաբանություններով, սակայն հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա պայթեցված հայկական ուղղաթիռի օդաչուների մարմինների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցեց, որ պատրաստում է հաղորդագրությունը ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունների:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հայտարարել է, որ «որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները»: Ֆրանսիացի դիվանագետը հավաստիացրել է, որ իր երկիրը ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG