Մատչելիության հղումներ

Աբրահամյանը Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ վարչապետների նիստին


ԱՊՀ վարչապետների Աշգաբատի նիստի մասնակիցները

ԱՊՀ վարչապետների Աշգաբատի նիստի մասնակիցները

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախ կայացել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի մասնակիցներին ողջունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նա նշել է, որ ԱՊՀ-ի տարածքում ներկայումս ընթանում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր, որոնք էապես կնպաստեն երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Նրա խոսքով՝ կարևոր քայլեր են իրականացվում նաև էներգետիկ ոլորտում, որոնք թույլ կտան ապահովել ԱՊՀ-ի տարածքի էներգետիկ անվտանգությունը:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ, այդ թվում՝ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի դրույթների իրակա­նաց­ման ընթացքին, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ-ի անդամ պետությունների միջուկային և ճառագայթային անվտանգության հայեցա­կարգին, նավթի և նավթամթերքների շուկաներում գնագոյացման և մրցակցության իրավիճակին առնչվող հարցեր:

Հավանության են արժանացել ԱՊՀ-ի երկրների 2015-2016 թվականների հումանիտար համագոր­ծակցության բնագա­վառում գերակա միջոցառումների ծրագիրը, մինչև 2020 թվականը զբոսաշրջության ոլորտում համագործակցու­թյան զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017 թվականների միջո­ցառում­ների պլանը:

Մշակույթի և արվեստի ոլորտներում գործող ԱՊՀ-ի պետությունների մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Երևանի Մատենադարանին, շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում բազային կազմակերպության կարգավիճակ:

Նիստում ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս, անդրադարձ է կատարվել ԱՊՀ-ի պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար 2015 թվականի հատկացումներին և այլ հարցերի:

Որոշվել է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել եկող տարվա մայիսի 29-ին Աստանայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG