Մատչելիության հղումներ

Հայ մտավորականները դատապարտում են Ադրբեջանի պահվածքը


Ռազմիկ Դավոյան (ձախ), Հաղթանակ Շահումյան

Ռազմիկ Դավոյան (ձախ), Հաղթանակ Շահումյան

Մտավորականները նաև դատապարտում են միջազգային կառույցների անգործությունը։

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրենց ցավակցությունը հայտնեցին խոցված ուղղաթիռի անձնակազմի ընտանքիների անդամներին և շեշտեցին՝ Ադրբեջանի կողմից հրթիռակոծված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը չի կարող չհուզել որևէ նորմալ մարդու, անպատկերացնելի է, թե ինչ աստիճան դաժանությամբ են լցված մեր հարևանները, որոնք անգամ միջազգային կառույցների ներկայացուցիչներին չեն թողնում մոտենալ կործանված ուղղաթիռին։

Արվեստագետների համոզմամբ՝ այս ամենը միջազգային կառույցների անգործության հետևանք է, նաև այն բանի, որ այդ կառույցները մշտապես իրենց հայտարարություններով հավասարության նշան են դնում հակամարտող կողմերի միջև։

Ռազմիկ Դավոյանն ասում էր՝ մեզ համար դժվար է ադրբեջանցիների նման պահվածքը հասկանալ.- «Մենք ունենք մեր նկարագիրը, նրանք ունեն իրենց նկարագիրը։ Բոլորովին տարբեր նկարագրեր են։ Նրանք անիծված Քամի ժառանգորդներն են, մենք՝ օրհնված Հաբեթի ժառանգորդները»։

Հաղթանակ Շահումյանն էլ համոզված է, որ Հայաստանը պետք է պատրաստ լիներ Ադրբեջանի նման վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ հայկական կողմն էլ կարող էր ուժային մեթոդներ կիրառել խնդիրի լուծումը գտնելու համար, բայց գերադասում է դա անել ոչ թե ռազմական ուժի կիրառմամբ, այլ միջազգային կառույցների միջնորդությամբ։

«Մերոնք, հաշվի առնելով միջազգային հանրության մասնակցությունը այդ հարցում, չեն ուզում կասկածելի որևիցե բան թողնեն և երևի թողնում են, որ միջազգային դիտորդները գնան, տեղում տեսնեն, որ իրականում հարձակվող սարք է եղել, օդաչուներ են եղել, թե ուղղակի պատահական հայտնվել են ադրբեջանական դիրքերի մոտ»,- ասաց Շահումյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք մտադրություն ունե՞ն հայաստանցի մտավորականներով դիմել ադրբեջանցի մտավորականներին, Ռազմիկ Դավոյանն ու Հաղթանակ Շահումյանը միաբերան պատասխանեցին, որ պատրաստ են նամակներ հղել թե Ադրբեջանի, թե անգամ Թուրքիայի արվեստագետներին ու գրողներին, բայց նրանց համոզմամբ՝ դա դժվար թե որևէ արդյունք տա։

Դավոյանն ասում է՝ ներկայումս ադրբեջանցի լրագրողները, գրողները, մտավորականները «հիմնավորապես լռեցված են»։

XS
SM
MD
LG