Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Բաբայան. Բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ


Փոխանակմանը դեմ է նաև սպանված Սմբատ Ցականյանի հայրը։

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց կալանավորված երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավարությունը, որոնք մեղադրվում են Քարվաճառի (Քելբաջար) 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու համար:

Նոյեմբերի 19-ի նիստում դատարանը, որպես ապացույց, շարունակեց ուսումնասիրել ամբաստանյալ Դիլհամ Ասկերովի նկարահանած տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են ուղեկցում 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Ըստ ամբաստանյալի, իրենք դիմել էին պատանուն, որպեսզի վերջինս ցույց տա Քարվաճառ տանող ճանապարհը։

Տեսանյութում Դիլհամ Ասկերովը ադրբեջաներեն մեկնաբանում է իր նկարածը. - «Մենք Ջոմարդ գյուղի տարածքում ենք, այստեղ բռնել ենք մի խոճկորի, նա մոտ 20 տարեկան է, ադրբեջաներեն ոչինչ չի հասկանում։ Մենք նրան ոչ մի կերպ չենք կարող բաց թողնել, քանի որ կարող է մատնել մեզ։ Գնանք, տեսնենք ինչ կլինի»։

Ասկերովը պնդում էր, որ ի վիճակի չի եղել համոզել մյուսներին, որպեսզի չսպանեն պատանուն։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին ձերբակալված ադրբեջանցիների հետ փոխանակելու հարցը։ Սպանված պատանու հայրը՝ Մեխակ Ցականյանը կտրականապես դեմ է այդ փոխանակմանը։

«Իրանք ոնց են անում՝ Սաֆարովին տանում են գեներալ տալիս, իսկ են Շամշադինի Կարենին երկու օր չպահեցին՝ սպանեցին։ Ո՞րն ա ճիշտը, իսկ իրանց մենք պահում ենք. մի հատ էլ տուն սարքենք տանք իրենց՝ դա՞ են ուզում, ի՞նչ են ուզում, ես չեմ իմանում։ Այսքան խաղաղ պայմանում գան իմ երեխուն սպանեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սմբատ Ցականյանի հայրը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ևս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG