Մատչելիության հղումներ

Հայաստանն առայժմ շարունակելու է դիվանագիտական ճանապարհով լուծել ուղղաթիռի հարցը


Հայաստանն առայժմ շարունակելու է դիվանագիտական ճանապարհով լուծել ուղղաթիռի հարցը
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Հայաստանն առայժմ շարունակելու է դիվանագիտական ճանապարհով լուծում տալ ադրբեջանցիների խոցած ուղղաթիռի շուրջ ստեղծված իրավիճակին, սակայն «այլ տարբերակները միշտ էլ ուժի մեջ են», այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղղաթիռի անկման վայր նոյեմբերի 18-ին փորձել էր այցելել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, սակայն՝ ապարդյուն։ Ըստ Կասպշիկի՝ ադրբեջանական կողմը դիտորդներին արգելել է մոտենալ դեպքի վայրին։

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանն այն բանից հետո, երբ Կասպշիկին արգելվել է այցելել ուղղաթիռի անկման վայր, նախարար Օհանյանը պատասխանեց.- «Այսօր մենք մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն, որովհետև կարծում ենք, որ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո միջազգային մարդասիրական նորմերի համաձայն պետք է թույլատրվի՝ թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի, կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումը և տեղափոխումը»։

«Այլ տարբերակները ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերը ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը», - նշեց նախարարը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնել, որ «ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»։ Համատեղ հայտարարությունում համանախագահները միաժամանակ հորդորել են «Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին»:

«Կարծում եմ, որ մեր կատարած դիվանագիտական աշխատանքը, հանդիպումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամների, Անջեյ Կասպշիկի, Կարմիր Խաչի հետ տվեցին իրենց արդյունքը, որ նախարարները կոնկրետ հայտարարություն արեցին և հորդորեցին Ադրբեջանին, որպեսզի թույլ տա, և Հայաստանին էլ, որպեսզի աջակցի, կարողանան դեպքի վայր մեկնել, ականազերծման աշխատանքներ կատարել և գտնել աճյունները»,- ասաց Օհանյանը։

Օհանյանի խոսքով, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նախօրոք առաջադրանք է ունեցել խոցել ուղղաթիռը.- «Ուղղաթիռի անձնակազմը ուսումնավարժական թռիչքներ կատարելու ժամանակ է խոցվել և մեր տարածքում։ Կարծում եմ, որ սա բոլոր տիպի նորմերի խախտում է։ Անկասկած զորավարժությունների ընթացքում իրենք մարտական պատրաստականությունը բարձրացնում են, և ինձ թվում է՝ նախօրոք էր ցուցում տրված, որպեսզի խոցեն»։

Նախարարը տեղեկացրեց, որ հանդիպել է ուղղաթիռի անձնակազմի հարազատների հետ։

«Առաջին իսկ օրվանից օդաչուների ընտանիքների անդամների հետ համապատասխան աշխատանք է կատարվել, հանրապետության նախագահի հետ մենք գտնվել ենք Արցախում, ընտանիքի անդամներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը և մնացած տեղակալները։ Հայրերին ես անձամբ երեկ եմ ընդունել և նրանց հետ համապատասխան աշխատանք կատարել, համբերություն ցանկացել և նաև հորդորել, որպեսզի համբերեն, մինչև դիվանագիտական ճանապարհով մենք կարողանանք հարցը լուծել»,- ասաց Օհանյանը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանից առաջարկներ են հնչում փոխանակել ուղղաթիռի անձնակազմը Լեռնային Ղարաբաղում այս ամռանը կալանավորված ադրբեջանցիների հետ, Օհանյանը արձագանքեց.- «Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, և կարծում եմ, որ բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և պետք է պատասխան տան»։

XS
SM
MD
LG