Մատչելիության հղումներ

Երևանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, որին այսօր ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ համագործակցությունը: Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի մաքսային ծառայությունում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն արդեն շոշափելի արդյունքներ են տվել. ըստ Համաշխարհային բանկի 2014 թվականի Doing Business վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 4 կետով բարելավել է իր դիրքը և 49-րդ կետից բարձրացել 45-րդ կետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կունիո Միկուրիան ողջունել է Հայաստանի կառավարության քաղաքականությունը հարկային և մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ և նշել, որ 2009 թվականին երկիր կատարած իր առաջին այցից հետո այս առումով Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել: Նա, մասնավորապես, բարձր է գնահատել մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ներդրումը, կադրերի վերապատրաստումը, Մաքսային օրենսգրքի կատարելագործումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և այլն:

Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ ընթացիկ ևառաջիկա ծրագրերին: Երկուստեք ընդգծվել է, որ մաքսային ծառայությունում տարվող բարեփոխումները պետք է նպաստեն գործարար միջավայրի բարելավմանը և երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը:

Նշելով, որ ոլորտում դեռ բավական անելիքներ կան, և Կառավարությունը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները, վարչապետը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցության ամրապնդումը և խորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG