Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սարգսյանը և Օմիրուն երկուստեք ընդգծել են, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները դարերի խորքից եկող բարեկամական հարաբերություններ ունեն, պատմության ընթացքում անցել են բազում փորձությունների միջով և այսօր էլ, որպես անկախ պետություններ, շարունակում են ամրապնդել միջպետական հարաբերություններն ու խորացնել համագործակցությունը:

Յանակիս Օմիրուի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել և հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա և նաև դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձությունները: Նա ընդգծել է, որ այցելել է եղբայրական և ոչ թե՝ օտար երկիր, որտեղ իր գլխավորած պատվիրակությանը ջերմությամբ են ընդունել:

Սերժ Սարգսյանը և Յանակիս Օմիրուին կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի առավել սերտացումն ու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG