Մատչելիության հղումներ

Պուտինը դիմեց Արևմուտքին, Յացենյուկը՝ Ռուսաստանին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է տարբեր ոլորտներում համագործակցել Վաշինգտոնի հետ:

Պուտինը հարկ է համարել նշել համագործակցության իր պայմանները․ - «Մեկը մյուսի հետաքրքրությունները հարգելու, հավասար իրավունքների և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»:

Ռուսաստանի նախագահն այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Մեծ քսանյակի գագաթաժողովը լքելուց ընդամենը երեք օր անց:

Մինչ այդ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը որակել է որպես «Ուկրաինայի ներքին հարց», իսկ Ռուսաստանին հակամարտության մաս վերագրելն անարդյունավետ է համարել:

Ռուսաստանի պետդումայում այսօր Լավրովը հայտարարել է` Արևմուտքը «պետք է նպաստի փոխադարձ ընդունելի համաձայնությանը Կիևի պատերազմին աջակցելու փոխարեն: Որպես առաջիկա քայլ, առաջարկում ենք ապահովել կապ Կիևի և Դոնբասի ներկայացուցիչների միջև՝ փոխընդունելի պայմանավորվածության նպատակով»:

«Արևմուտքը պետք է թափ հաղորդի այդ գործընթացին, ոչ թե ձգտի աջակցել այն ամենին, ինչ անում են Կիևում՝ աչք փակելով մարդու իրավունքների խախտման, ապօրինությունների, պատերազմական հանցագործությունների վրա», - հավելել է Սերգեյ Լավրովը:

Լավրովին հակադարձել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Մենք ուղիղ բանակցություններ ռուս ահաբեկիչների հետ չենք վարի: Մենք բանակցություններ չենք վարի ձեր վարձկանների հետ», - Ռուսաստանին իր երկրի դիրքորոշումն է հասցեագրել Արսենի Յացենյուկը:

Ուկրաինայի վարչապետը ներկայացրել է իրավիճակը․ - «Ինքը՝ Ռուսաստանն ու Կրեմլն է Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանը դարձրել պատանդ և իրավիճակը տանում է հումանիտար աղետի»:

Ապա Յացենյուկը ռուսական կողմին առաջարկել է. - «Եթե դուք խաղաղություն եք ուզում, առաջնորդվեք Մինսկի համաձայնագրով: Խաղաղության հասնելու երաշխիքների համար մենք ամբողջ աշխարհի, նախևառաջ Ուկրաինայի համար ընդունելի ձևաչափի կարիքն ունենք: Մենք երաշխիքների կարիք ունենք», - հստակեցրել է Ուկրաինայի վարչապետը:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվեցին մարտին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը:

Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են արևելյան Ուկրաինա զենք-զինտեխնիկա, զորք ուղարկելու մեջ:

ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ Մոսկվային հորդորել էր հետ քաշել զորքերը ուկրաինական սահմանից: Նա հիշեցրել էր սեպտեմբերին կնքված համաձայնության պահանջները և Ռուսաստանին կոչ արել հարգել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման պայմանը: ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարն ասել էր՝ Ռուսաստանը կա՛մ պետք է դառնա խաղաղ բանակցությունների մասնակից, կա՛մ կշարունակի մեկուսացման ճանապարհը:

Ուշագրավ է, որ այս ֆոնին BBC- ի հետ զրույցում Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը պահանջում է երաշխիքներ, որ ոչ մի երկիր չի ակնկալում Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ: Պեսկովը չի թաքցրել, որ ՆԱՏՕ-ի վերջին գործողությունները նյարդայնացնում են Ռուսաստանին:

Ժողովրդական ընդվզման հետևանքով Ուկրաինայի նախագահի պաշտոնին հրաժեշտ տված և Ռուսաստանում ապաստանած Վիկտոր Յանուկովիչը մեկուկես տարի առաջ էր ստորագրել «Ուկրաինա-ՆԱՏՕ համագործակցության ազգային տարեկան ծրագրերի մասին» հրամանագիրը։ Այն պետք է փոխարիներ 2009թ․-ի «Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը պատրաստության տարեկան ազգային ծրագրին»։ Փոփոխությունը կապված էր Ուկրաինա- ՆԱՏՕ-ի համագործակցության, բայց ոչ դաշինքին անդամակցելու որոշման հետ։

Յանուկովիչի փախուստից հետո ուկրաինական նոր իշխանությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն են հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG