Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանամերձ համայնքների աջակցությունը 3 տարով չսահամանափակելու առաջարկը չընդունվեց


Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, արխիվ

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, արխիվ

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։

Օրինագծով նախատեսվում է երեք տարի փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի մի մասը, ազատել նրանց հողահարկից և գույքահարկից, ռազմական գործողությունների հետևանքով օթևանից զրկվածներին նոր համարժեք օթևան տրամադրել և այլն:

Մինչև երկրորդ ընթերցման քվեարկությունը, որոշ պատգամավորներ մի շարք փոփոխությունների թվում նաև առաջարկեցին սահմանամերձ համայնքներին աջակցությունը չսահմանափակել երեք տարով: Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, թե առաջարկը չեն ընդունում՝ երեք տարին լավ փորձաշրջան է օրենքի արդյունավետությունը ստուգելու համար:

«Այնուամենայնիվ մենք խնդրում ենք ձեզ, որ այդ եռամյա ժամկետը՝ 2015, 2016, 2017 թվականների համար պահպանվի, իսկ հետագայում մենք այս ծրագրի, կամ այս օրենքի ազդեցությունների շրջանակում խնդրին մեկ անգամ ևս կանդրադառնանք», - ասաց Վաչե Տերտերյանը։

«Օրինաց երկիր» խմբակցությունից Հեղինե Բիշարյանը նկատեց, որ 2018 թվականի հունվարի 1-ը պատահական ժամկետ չէ, և պետք չէ սահմանամերձ համայնքներին աջակցությունը կապել քաղաքական օրակարգի հետ:

«Քաղաքական տեսանկյունից, մինչև խորհրդարանական, նախագահական ընտրություններին ժամկետ է սահմանվել, ինչի մասին մենք չասացինք, բայց իրականում սա է։ Ես կարծում եմ, որ մեր երկրում այդ սահմանամերձ տարածքները որպես սահմանամերձ այլևս չեն փոխվելու, դրանք մեր սահմանամերձ տարածքներն են, և դրա համար ժամկետ սահմանել, կարծում եմ, չի կարելի, պարզապես պետք է հանել ժամկետը, երբ որ կարողանանք, արդեն գտնենք, որ մեր սահմանամերձ տարածքներում աջակցության կարիք չկա, էլ չաջակցենք էդ մարդկանց։ Կարծում եմ՝ ավելի շատ խնդիրը տարվել է քաղաքական դաշտ, քան կարելի էր», - ասաց Բիշարյանը։

Պատգամավորների առաջարկած փոփոխություններից ընդունվեց Միքայել Մելքումյանի առաջարկը։ Նա առաջարկել էր հաշվի առնել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների 2014 թվականի թանկացումից հետո սպառումները կարող են պակասել, և որ այդ տվյալները փոխհատուցման համար հաշվի առնելը ճիշտ չի լինի: Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ որպես հիմք ընդունել են 2013 թվականի գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG