Մատչելիության հղումներ

logo-print

Որդեկորույս մայրերը Բաղրամյան 26-ից ևս պատասխան չեն ստանում


Խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների ծնողները առավոտից դարձյալ հավաքվել էին նախագահականի առջև։

Ոստիկանները պատ կազմած որդեկորույս մայրերին թույլ չէր տալիս մոտենալ Բաղրամյան 26-ի դարպասներին, սևազգեստ կանայք կանչում էին Սերժ Սարգսյանին, պահանջում դուրս գալ ու պատասխան տալ՝ ինչու չեն պատժվում իրենց զավակներին սպանողները։

«Բոլորին ուղարկում են Բաղրամյան 26, հիմա Բաղրամյան 26-ում ենք, դուրս արի, պատասխան տուր՝ ո՞վ է սպանել իմ էրեխուն»,- ասում էր մայրերից մեկը։

«Հիմա ձկան գլուխը ինքն է, եկել ենք, որ իրան բռնենք, տեսնենք վերջապես ինքը պատասխան պիտի տա, թե չէ։ Բա բանակի գլխավոր հրամանատարին չի հուզո՞ւմ՝ ով է խլել էս էրեխեքի կյանքը, ինքը չի ուզո՞ւմ պատասխանատվության ենթարկի։ Մինչև ե՞րբ մենք պիտի սենց գնանք, գանք»,- ասում էր մեկ այլ որդեկորույս մայր։

2007 թվականին ծառայության ժամանակ մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը հիշեցնում էր՝ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը մոտեցավ նախագահականի դարպասին, խոստացավ նոր թափ հաղորդել քննությանը, ասել էր, թե ամենաշատն ինքն է շահագրգռված, որ մեղավորները պատժվեն։

«Ճաղերի ետևից խոստացար, դե դուրս արի, քո խոստումը պահի, վերջապես էդքան փախչելով ո՞ւր եք գնալու։ Ոչինչ չարեց, թող դուրս գա ասի՝ քո էրեխեն էլեկտրահարվել է, դա էլ չի ասում։ Ո՞ւր գնանք, ի՞նչ անենք։ Մնում է՝ էրեխեքի դիակները հանենք բերեք էստեղ, ասենք՝ դե տեսնենք, ի՞նչ ես անելու հիմա։ Արդեն ութ տարի է սպասում եմ։ Ես չիմանամ ո՞րն է իմ էրեխու մահվան պատճառը։ Ո՞ւմ եք թաքցնում... գեներալների՞ն, գեներալների թիկնապահների՞ն։ Ի՞նչ են մատուցել իրենք էսօր ձեզ»,- ասում էր Գոհար Սարգսյանը։

Ամռանն էլ Հովիկ Աբրահամյան էր խոստացել Սերժ Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպել։ Ծնողները պատմում են՝ վարչապետն ասել է, թե միայն նախագահը կարող է լուծում այս հարցին: Անահիտ Մկրտչյանը 2001 թվականից դատարաններում ու փողոցում պայքարում է, 22-ամյա որդուն սպանողը մինչև օրս ազատության մեջ է, Սերժ Սարգսյանն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր։

«9 տարի հետո գործը կասեցրեցին, որ 9 քմ տարածքում 4-5 զինվորի ներկայությամբ մեկը մարդ է սպանել ու չի բացահայտվել։ Բա 13 տարի գնաս էրեխուդ գերեզմանին... ու ոչ մի բան չեմ կարողանում անել»,- արտասվում էր Մկրտչյանը։

Ղարաբաղում սպանված 20-ամյա Արման Մուրադյանի հայրը մեկ տարուց ավելի է՝ պահանջում է դատական նիստերը Ստեփանակերտից Երևան տեղափոխել, կրակոցից մահացած որդու տուն վերադարձին ընդամենը 4 ամիս էր մնացել։

«Տասը դատական նիստ են անցկացրել առանց տուժող կողմի»,- ասում էր հայրը։

Որդեկորույս ծնողները գիտեն՝ քաղաքական կամք է պետք հանցագործությունները բացահայտելու համար.- «Էս բոլոր զինվորներին սպանողները հրամանատարներն են, ոչ զինվորները։ Հրամանատարներն էլ պահում են իրենց աթոռները։ Ո՞նց դատեն իրենց զինակից ընկերոջը»։

Նախագահականի առաջև ծառայող իրավապահների միջոցով մայրերից Գոհար Սարգսյանի հետ հեռախոսազրույց ունեցավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ խնդրելով բողոքի ակցիան շարունակել դիմացի մայթին, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկեն։

«Դուք չեք կարող մեր վիշտը կիսել, Ձեր խնդրանքը չենք կատարում, համապատասխան միջոցներ ձեռնարկեք»,- հեռախոսով Կարապետյանին փոխանցեց Սարգսյանը.- «Ձեռնարկեք, տեսնենք ինչ եք անում։ Մեր էրեխեքին էնտեղ եք սպանել, մեզ էլ էստեղ սպանեք, պրծնենք, դուք էլ կպրծնեք, մենք էլ։ Մեղավորին պատժեք իմ սիրտը հանգստանա։ Կարապետյան Աշոտը տեսել է իմ էրեխի խոշտանգված նկարները։ Ես էստեղից չեմ գնալու»։

XS
SM
MD
LG