Մատչելիության հղումներ

Միքայել Մելքումյան. «Աշունը թեժ էր, սրանից թեժ էլ չի կարող լինել»


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 28-ը նոյեմբերի, 2014թ.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 28-ը նոյեմբերի, 2014թ.

ԲՀԿ պատգամավորն ասում է, որ «եռյակի ձևաչափը» կորոշի հաջորդ հանրահավաքի օրը։

«Թեժ լինելու հանգամանքի մեջ ես որևէ պակաս չեմ զգում՝ դիֆիցիտ», - «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիտարկմանը, որ «թեժ աշունն» ավարտվում է հանրահավաքներ անցկացնելու շուրջ ԲՀԿ-ի և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տարաձայնություններով։

«Աշունը թեժ էր, սրանից թեժ էլ չի կարող լինել, որովհետև ինքն արդեն ցույց տվեց՝ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը և պահանջը դա արձանագրեց», - ասաց Մելքումյանը։

Իսկ դիտարկմանը, թե «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը ամրագրել են Ազատության հրապարակը հանրահավաքներ անցկացնելու համար, բայց չեն օգտվում այդ հնարավորություններից, Մելքումյանն հակադարձեց, թե դրանք «տակտիկական հարցեր են»։

«Բոլոր դեպքերում, որոշումներ է ընդունելու եռյակը։ Իհարկե, սրանք մոտեցումների, որոշակի տարբերություններ ժամկետների, ոճի, կարող են լինել, և սա նորմալ է, բայց մենք հայտարարել ենք, որ զուգահեռ մենք տանում ենք այդ բյուրեղացման համաժողովրդական շարժումն ավելի միս ու արյուն տալու հետագիծը, և դա արվում է շատ ինտենսիվ և շատ ծրագրային կերպով, իսկ հանրահավաքներ հենց որ եռյակը որոշեց՝ դուք անպայման տեղյակ կլինեք։ Կան հարցեր, որոնց ժամանակից շուտ տեղյակ լինելը այնքան էլ արդյունավետ չի կարելի համարել», - ասաց ԲՀԿ պատգամավորը։

Հարցին, թե եռյակի լիդերնե՞րն են որոշում կայացնելու, Մելքումյանը պատասխանեց, - «Եռյակի ձևաչափը. կա ձևաչափեր, քննարկում են, ներկայացվում է առաջնորդներին, նրանք էլ են քննարկում, այնպես որ՝ սխեման կա, պետք չէ մտնել դետալների մեջ։ Դրանք տեխնիկական հարցեր են՝ երբ որ կլինի որոշումը, հասունացած պահը, ամեն մի միջոցառում թելադրանք է տվյալ պահին հասունացած իրավիճակի»։

XS
SM
MD
LG