Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը՝ Սպիտակ տան այցելուների սրահում


«Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի կազմը

«Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի կազմը

Սակայն ձեռագործը Սպիտակ տունը ներկայացրել է որպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ որբերի գործած գորգ։

Ամերիկահայության և մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների պայքարի արդյունքում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված որբերի գործած գորգը հայտնվեց Սպիտակ տան այցելուների սրահում:

Տասնամյակներ շարունակ Սպիտակ տան պահեստում պահվող այդ գորգը, հիշեցնենք, գործել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր որբ աղջիկներ, ովքեր որպես երախտիքի նշան 1925 թվականին գորգը նվիրել են Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Եզակի այդ ձեռագործը հատկապես վերջին ամիսներին հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մերժեց այն տրամադրել Հակոբ Մարտին Դերանյանին «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին ցուցադրելու համար։

Տարիներ շարունակ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող գորգը հինգ օր կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում։

Երեկ բացման արարողությանը ներկա ամերիկացի քաղաքական գործիչները, ովքեր ավելի վաղ Օբամայի վարչակազմից պահանջում էին թաքստոցից հանել Հայոց ցեղասպանության այդ խորհրդանիշը, իրենց շնորհակալություն են հայտնել՝ միևնույն ժամանակ նշելով. - «Գորգի ցուցադրությունը խորհրդանշական է, սակայն բավարար չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Հստակ է, որ սա չի կարող փոխարինել Հայոց ցեղասպանության ճանաչումը և արդարությունը։ Սպասում ենք, որ այսօր կոնգրեսական Ադամ Շիֆը, կոնգրեսական Դևիդ Վելադեոն կմասնակցեն հատուկ մամլո ասուլիսին։ Յուրաքանչյուրը մեկ միտք պետք է ներկայացնի՝ հատկանշական է այսօր գորգի ցուցադրությունը, բայց բավարար չէ, և կոչ կուղղեն, որ Օբամայի կառավարությունը և ընդհանրապես ամերիկյան կառավարությունը վերահաստատի Հայկական ցեղասպանությունը, ճանաչի ցեղասպանությունը», - ասաց Չուլջյանը։

Ցեղասպանությունից փրկված, ապա որբանոցում հայտնված 400 որբ աղջիկների գործած մոտ 5.65 մետր երկարությամբ «Ղազիրի գորգ» անվանումը ստացած ձեռագործը Սպիտակ տունը ներկայացրել է որպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ որբերի գործած գորգ՝ առանց հիշատակելու Հայոց ցեղասպանություն տերմինը և առանց բացատրելու, թե ինչու են որբացել գորգագործները։

«Սա առիթ էր, որ ամերիկյան ժողովրդին դաստիարակի այս կարևոր պատմության բաժնի մասին՝ Հայկական ցեղասպանության մասին։ Դժբախտաբար, եթե ճիշտ ձևով չնկարագրվեն ցեղասպանությունները, առիթ կտան, որ ապագայում ուրիշ ցեղասպանություններ լինեն, ինչպես տեսանք վերջին հարյուրամյակի ընթացքում», - ընդգծեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։

XS
SM
MD
LG