Մատչելիության հղումներ

Բնապահպանները ահազանգում են Տավուշում զանգվածային անտառահատումների մասին


Բնապահպաններն ահազանգում են, որ Տավուշի մարզի հատուկ պահպանվող անտառներում զանգվածային ծառահատումներ են՝ կտրվել է մոտ 200 ծառ:

Պաղջուր գետի հովտի լանջերը հատուկ պահպանվող տարածք են, սակայն բնապահպանները տարածքից տեսանյութեր են բերել, որտեղ պատկերված են առանց պետհամարանիշների բեռնատար մեքենաներ՝ բարձված ծառահատման համար օգտագործվող գործիքներվ:

Բնապահպան Գոռ Հովհաննիսյանը նաև «Դիլիջան» ազգային պարկում է հանդիպել այսպիսի մեքենաների.- «Վերևի լանջից ծառը կտրում են, քաշելով իջեցնում են ներքև, բաժանում են, բարձում, տանում են էդ մեքենաներով»։

Անտառահատների անպատժելիության և անտառների ոչ պատշաճ պահպանության համար բնապահպանները մեղադրում են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին ու ոստիկանությանը: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Իջևանի «Հայանտառ»-ի փոխտնօրեն Արթուր Գաբրիելյանն ընդունում է, որ ապօրինի ծառահատումների դեպքերն առկա են, բայց ուռճացված է համարում բնապահպանների ներկայացրած թվերը:

«Ապօրին հատված է ընդամենը 12 ծառ»,- ասաց Գաբրիելյանը։

Բնապահպան Լևոն Գալստյանն ասում է, որ իրենք հաճախ ստիպված են լինում խմբով գնալ, որովհետև ծառահատողները հիմնականում անցնում են սպառնալիքների և ոչ միայն:

«Հայանտառ»-ի ներկայացուցիչն ասում է, որ այդ սպառնալիքներից զերծ չեն մնում նաև իերնց աշխատակիցները, հատկապես այն դեպքում, երբ ընդամենը 70 հազար դրամ աշխատավարձ ստացող մեկ անտառապահը հսկում է առնվազն 1000 հեկտար տարածք՝ առանց փոխադրամիջոցի ու զենքի:

«Ցավով եմ նկատում, որ դուք ավելի շատ աշխատում եք անտառապահի դեմ, քան ապօրինի հատումների»,- նշեց նա։

Հունվարի 1-ից առ այսօր ոստիկանությունը Տավուշի մարզում ապօրինի ծառահատման 9 դեպք է հայտնաբերել, 4-ի մասով հարուցվել է քրեական գործ, իսկ 5-ի ուղղությամբ դեռ կատարվում է հետաքննություն: Բնապահպան Լևոն Գալստյանը համոզված է, եթե շարքային գյուղացին մեկ ծառ կտրեր, կպատժվեր օրենքի ողջ խստությամբ, իսկ զանգվածային հատումները վստահաբար մեկ մարդու գործ չեն, սակայն բիզնես նպատակով ծառահատողներին պատժիչ ձեռքերը կարծես թե չեն հասնում:

«Ձեր կարծիքով՝ խեղճուկրակ գյուղացին կամ ՀԷԿ-ի բանվորն է կտրում... չէ, դա կառավարվում է 5-6 հոգու կողմից, ովքեր ամեն մեկն ունի իր բաժինը»,- ասաց Գալստյանը։

Բնապահպանները նշում են, որ ծառահատումներն ամենևին էլ սանիտարական նպատակներով չեն իրականացվել, քանի որ այդ դեպքում հատված ծառերի կոճղերի վրա պարտադիր պետք է լիներ կնիք ու համարակալում, մինչդեռ այս դեպքում դրանք չկային:

Գոռ Հովհաննիսյանը, ցույց տալով հատված ծառերի կոճղերը, բացատրում է, թե ինչ մեքենայություններ են արել հատողները.- «Ամենուրեք անտառը մորթած է, սկզբում ճանապարհի երկայնքով, հիմա ամբողջ լանջով մեկ ինչքան ծառ կա, ու իրենց թվում է, թե բավականին խելացի են գործել, որովհետև դրանից հետո հատուկ ինչ-որ ձևով ներկել են էս ամեն ինչը, որպեսզի թվա, թե հին է, չզգացվի, որ կտրված է»։

Իջևանի արգելավայր համարվող այս գոտում անգամ օրինական ծառահատումներն են արգելված, պնդում են բնապահպաններն ու հավելում, որ խնդիրը կլուծվի, եթե անտառի մուտքային ու ելքային ճանապարհներին հսկողություն սահմանվի: Նրանց համոզմամբ՝ այս տարի անտառահատումներն ավելի մեծ թափ են ստացել գազի թանկացման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG