Մատչելիության հղումներ

Մայրության նպաստների մասին նոր նախագիծը ևս քննադատության ենթարկվեց


Մայրության նպաստներին վերաբերող կառավարության նոր նախաձեռնությունն ընդդիմություն ու իշխանություն չճանաչեց, անհանգստացել էին անգամ հանրապետականները։

Բողոքի ցույցերից հետո գործադիրը թեև հրաժարվեց հղիության և ծննդաբերության փոխհատուցումն աշխատանքային ստաժով պայմանավորելու գաղափարից և նախկին տրամաբանությունը, բացառությամբ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մայրերի, պահպանեց, այդուհանդերձ, պատգամավորները դժգոհ էին։

Հայաստանում 400 կին է ամսական մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստանում։ Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարվանից փոխհատուցել միլիոնը՝ մնացյալը թողնելով գործատուին։ Սոցապ նախարարի կարծիքով՝ գործատուները ևս պետք է պատրաստ լինեն նպաստել դեմոգրաֆիական պրոբլեմների լուծմանը։

«Մեկ միլիոնից ավելի վաստակող կանանց ճակատագիրը Կառավարությունը որոշել է թողնել գործատուի խղճին»,- ասաց ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը.- «Եվ շատ դեպքեր են լինելու, երբ աշխատողի շահերը ոտնահարվելու են»։

Պատգամավորը պահանջեց օրենքով ամրագրել, որ գործատուն ոչ թե կարող է, այլ՝ պարտավոր է վճարել տարբերությունը։

Կինը հարկեր է վճարում, արժանի է ետ ստանալ դրանք, նախագծին ընդդիմացողների հակափաստարկն էր։

Հանրապետական Կարինե Աճեմյանը կարծում է՝ կառավարության նախաձեռնությունը չի խթանելու ծնելիությունը։ Պատագամավորը վերջին ամսվա քննարկումները «ամոթալի» որակեց։

«Ես ինքս կարծում եմ, որ մենք պարտվեցինք, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում և կենացներ ենք խմում մայրերի մասին և մայրերին իբրև թե մեծարում ենք, բայց իրականում մենք հասանք նրանք, որ հղի, երեխա ունեցող կանայք եկան ԱԺ-ի, կառավարության դռների մոտ և բողոքեցին»,- ասաց Աճեմյանը։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը կարծում էին՝ օրենքով մեկ միլիոնի շեմ ֆիքսելը խտրականություն է։

«Ապագայում այսպիսի բարձր աշխատավարձով հաստիքների վրա կանայք չեն ընդունվի աշխատանքի»,- ասաց Մարուքյանը։

«Գուցե մի ապաշնորհ տղամարդու ընդունեն այդ բարձր աշխատավարձով աշխատանքին, որովհետև եթե կնոջը ընդունեն, գործատուն պարտադրված կլինի նպաստի գումարը ավելացնել, որովհետև պետությունը նրա ուսերին բեռ է ավելացրել»,- նշեց Բիշարյանը։

Սոցապ նախարարը հակադարձեց.- «Ես չեմ կարծում, որ էսօր մեր աշխատաշուկայում այդքան հեշտ է գտնել մեկ միլիոն դրամից բարձր աշխատավարձով համապատասխան աշխատողներ և դնել տարբերակում՝ կին է, թե՝ տղամարդ»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վիճակագրություն ներկայացրեց.- «Նորմալ հիմնարկի պետը, եթե երկու հավասար պայմաններ լինի, եթե չլինի ծնդդաբերության հանգամանքը, գերադասում է կին աշխատողին շատ պարզ պատճառով՝ ավելի դիսցիպլինար են և ձեռքից ավելի պինդ են։ Միանշանակ կաշառակերությունը տղամարդկանց մեջ ավելի բարձր է»։

Օրինագիծը պաշտպանողները շատ քիչ էին, նրանցից մեկը ԱԺ-ի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էր։ Ասաց՝ մեկ տարի կփորձարկեն՝ վճարովի արձակուրդը գործատուի կիսելու խնդիրը։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը Հակոբյանի պաշտպանած նախագիծը հակասոցիալական, հակաժողովրդագրական որակեց.- «Լսելով ձեզ՝ եկա այն եզրակացության, որ այդտեղ կանգնածը Լյուդովիկոս 14-րդն էր, ով ասում էր՝ «պետությունը ես եմ»։ Տեղի, անտեղի, ճիշտ, սխալ՝ ամբողջ սոցիալական քաղաքականության հերն անիծեցիք»։

Հակոբյան-Մինասյան վեճին չկարողացավ չխառնվել ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը.- «Իբրև թե անձնազոհների մի դահլիճ ունենք և պատերազմ է գնում, թե ավելի շատ ով է ժողովրդին սիրում։ Ժողովրդին սիրում են հոգեպես, արյամբ, ներքին զգացումներով»,- խրատեց ԱԺ նախագահը։

Ի դեպ, Սոցապ նախարարն այսօր էլ չբացահայտեց՝ միլիոնից բարձր եկամուտ ունեցող կանայք ավելի շատ պետակա՞ն, թե մասնավո՞ր հատվածում են աշխատում։ Հարցը բարձրացրած Աղվան Վարդանյանին նախարար Արտեմ Ասատրյանը խոստացավ թվերը գրավոր տրամադրել։

XS
SM
MD
LG