Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի Ազգային տաճարում առաջին անգամ մահմեդականների աղոթք կազմակերպվեց


ԱՄՆ-ի մահմեդականները աղոթքի ժամանակ, արխիվ

ԱՄՆ-ի մահմեդականները աղոթքի ժամանակ, արխիվ

Այս քայլի նպատակն էր հակազդել կրոնի միջոցով ատելություն և թշնամանք սերմանելու՝ ծայրահեղ իսլամիստների գործողություններին։

Անցյալ շաբաթ մահմեդականների մի խումբ հրավիրվել էր աղոթելու Վաշինգտոնի հանրահայտ եկեղեցիներից մեկում` Ազգային տաճարում։ Այս քայլի նպատակն էր իսլամական աշխարհին պատգամ հղել միջկրոնական ներդաշնակություն ստեղծելու խաղաղ ջանքերի մասին և հակազդել կրոնի միջոցով ատելություն և թշնամանք սերմանելու՝ ծայրահեղ իսլամիստների գործողություններին։

Մահմեդականների աղոթքի ժամանակ Վաշինգտոնի Ազգային տաճարը մզկիթի տեսք ստացավ, իսկ վերապատվելի Ջինա Քամփբելը ներկաներին բացատրեց, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ուխտագրով՝ Ազգային տաճարը պետք է աղոթքի վայր հանդիսանա բոլոր հավատացյալների համար։

Միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ մահմեդականները կանգնել էին տաճարի քրիստոնեական սրբապատկերների հակառակ կողմում և աղոթելիս հայացքները հառել էին դեպի արևելք՝ դեպի Մեքքա, մահմեդական կրոնի համաձայն։

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության դեսպան Էբրահիմ Ռասուլի խոսքերով՝ կրոնը հանդուրժողականություն է պահանջում բոլոր կողմերից։

«Կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք մահմեդականների այն ավանդույթին, ըստ որի՝ Մոհամեդ մարգարեն քրիստոնյաներին հրավիրել էր աղոթելու Մեդինայում իր հիմնած մզկիթում», - ասաց նա։

Մահմեդականների աղոթքի ժամանակ բողոքի ձայն էր բարձրացրել միայն մի ցուցարար, որին անվտանգության մարմինները անմիջապես հեռացրեցին տաճարից։ Բացառությամբ այդ դեպքի՝ Ազգային տաճարի գոթական կամարների ներքո մահմեդականների աղոթքը ընթացավ միանգամայն խաղաղ մթնոլորտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG