Մատչելիության հղումներ

«Եթե Ադրբեջանը անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի վերցնել օդաչուների մարմինները»


Բաքվում նաև պնդում են, թե հայկական կողմն է կրակի տակ պահում Աղդամի շրջանը, իսկ իրենք պատասխանում են:

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուլին Սադիգովն այսօր ասել է, որ եթե Ադրբեջանը անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի հայերին վերցնել հայկական խփված ուղղաթիռի օդաչուների մարմինները։ Նա նորից պնդել է, թե ուղղաթիռը խփվել է ադրբեջանական տարածքում։

«Մարմինները մնացել են այնտեղ, ոչ մի կողմը հնարավորություն չունի վերցնել դրանք, հայերն աղաչում են Կասպշիկին, բայց նա այդպիսի լիազորություն չունի։ Եթե Ադրբեջանն անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի վերցնել մարմինները», - APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սադիգովը։

Ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով զբաղվող պետական կոմիտեի այս պաշտոնյան խոսել է նաև Ղարաբաղում դատվող երկու ադրբեջանցիների` Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին։

«Ոչ մեկը չի հարցնում՝ իսկ ի՞նչ են նրանք արել. նրանցից մեկը Հասանն էր, որին սպանել են և երկար ժամանակ մարմինը չէին վերադարձնում Ադրբեջանին։ Բոլոր միջազգային կազմակերպությունները զարմացած էին, թե ինչո՞ւ են հայերն այդպես վարվում։ Նրանք սպանվածի մասին տվյալներ էին պահանջում՝ որ դպրոցում է սովորել, որտեղ է աշխատել։ Հայերը պնդում են, որ Շահբազը և Դիլհամը 17-ամյա պատանու են սպանել և նրա մարմինը հեռու տեղ են տարել։ Բայց ինչպե՞ս է հնարավոր լեռնային տարածքում՝ առանց տեխնիկական հնարավորությունների, մարմինն այդքան հեռու տանել։ Եթե նրանք դիվերսանտներ էին, ապա կլուսանկարեին հայկական որևէ զորամաս, և դա հանցակազմ կլիներ», - ասել է Ֆիրդուլին Սադիգովը Ադրբեջանի նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայում անցկացված սեմինարում՝ նվիրված Ղարաբաղի հիմնահարցին։

Նա ընդգծել է, որ Ղարաբաղյան պատերազմում 4 հազար ադրբեջանցի անհետ կորած է համարվում։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգյախլին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել է, թե հայկական կողմն անընդհատ կանոնավոր կրակի տակ է պահում Աղդամի շրջանը, որտեղ ադրբեջանցիները հայկական ուղղաթիռ են խփել, ադրբեջանական կողմն էլ ստիպված պատասխանում է հայերի գնդակոծություններին։

«Հայերը ամբողջ աշխարհով մեկ հայտարարում են, որ չեն կարողանում հանել օդաչուների մարմինները՝ միաժամանակ պնդելով, որ ուղղաթիռը չի անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքը։ Այսինքն, նրանց խոսքով, ստացվում է, որ ուղղաթիռը պետք է ընկներ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ չեն կարողանում վերցնել մարմինները». - այսպիսի հարցեր է բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը և ինքն էլ պատասխանել․ - «Որովհետև ուղղաթիռը խփվել է ադրբեջանական դիրքերի մոտ»։

XS
SM
MD
LG