Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայանը Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ապակառուցողական է որակում


Ըստ ԼՂ նախագահի մամուլի խոսնակի, ժամանակն է, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին ուղղված ավելի կոշտ հայտարարություններ հնչեցնի։

Արդեն վեցերորդ օրն է ղարաբաղյան կողմին չի հաջողվում մոտենալ օրեր առաջ ադրբեջանական զինուժի խոցած Մի 24 ուղղաթիռի անկման վայրին, չնայած այն հանգամանքին, որ այս օրերին տարածաշրջանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը։ Ավելին, երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հայտարարություն որում մասնավորապես ասվում էր, որ «եթե հայկական կողմը մեկ անգամ էլ փորձի որևէ ռազմական գործողություն իրականացնել, պատասխան քայլն Ադրբեջանի կողմից կլինի հզոր ու կործանարար, որն էլ կհանգեցնի բազմաթիվ զոհերի և երկար կմնա թշնամու հիշողության մեջ»։

«Ադրբեջանի ռազմական գերատեսչության այս հայտարարությունը բնորոշ է նացիստներին ու վերին աստիճանի ապակառուցողական է», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Փաստորեն, բացեիբաց հայտարարում է, որ չի թողնելու հայկական կողմին մոտենալ այդ վայր, այսինքն՝ կրակի տակ է պահելու, և, բնական է, ստեղծում է մի շատ տարօրինակ իրավիճակ. մի կողմից մենք պարտավոր ենք իմանալ մեր զինծառայողների ճակատագիրը, մյուս կողմից դա կարող է հղի լինել նոր զոհերով։ Նման պահվածք երևի թե միայն ցուցադրել են նացիստական ռեժիմները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը։

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ ժամանակն է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հասցեին ավելի կոշտ հայտարարություններ հնչեն։

«Ինչ-որ ձևով հայտարարությունները կրկին ցույց են տալիս իրենց հիմնական, մշակված մոտեցումը, այն է՝ ինչ-որ ձևով չեզոք մի դիրք ընդունել, դիմել բոլոր կողմերին, որպեսզի զերծ մնան ինչ-որ քայլերից։ Սա, իհարկե, լրիվ իրավիճակը չի արտացոլում, ընդհակառակը, նույնիսկ միգուցե նաև Ադրբեջանի համար այնքան էլ կոշտ չեն, մյուս կողմից՝ այս հայտարարությունների երկրորդ մասը հստակ նշում է, որ անթույլատրելի է ուժային տարբերակը։ Սա երևի ամենակարևորն է, բայց կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի ավելի կոշտ հայտարարություններ հնչեն», - ասաց Բաբայանը։

Բաբայանը վերահաստատում է Ղարաբաղի իշխանությունների պնդումները՝ հակառակորդի գործողություններն անպատասխան չեն մնալու. - «Փաստորեն, հակառակ կողմը ամեն ինչ անում է, կարծես թե, որպեսզի ստանա մի, այսպես ասած, կոշտ պատասխան։ Չգիտեմ, սա մազոխիզմի քաղաքական դրսևորում է, թե ինչ է, բայց ունենք այն, ինչ ունենք»։

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակի, պատերազմի վերսկսումը կախված է հակառակորդից. - «Եթե նա դիմում է նման ստոր քայլերի, աննորմալ քայլերի, լավ, ի՞նչ անենք. բնական է՝ միջազգային հանրությունը հորդորում է, հայտարարություններ են հնչում... Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք և պահպանենք մեր պատիվն ու արժանապատվությունը և այնպես անենք, որպեսզի չլինեն մարդկային կորուստներ»։

Հարցին, թե պաշտպանության բանակի ղեկավար կազմում հնարավո՞ր են կադրային փոփոխություններ, կապված ուղղաթիռի անկման հետ, Բաբայանը պատասխանեց, - «Գիտեք, միջադեպն այնպիսին է, որ մենք գործ ունենք մի վերին աստիճանի ապակառուցողական թշնամու կամ հակառակորդի հետ։ Հիմա այստեղ կադրային փոփոխությունները որևէ ձևով չեն ազդելու Ադրբեջանի պահվածքի վրա, հատկապես, որ դա ապակառուցողական քայլ է, և եթե նույնիսկ այդ հետաքննությունը ցույց տա որոշ սխալներ, չեմ կարծում, որ նրանք վճռորոշ են եղել, որպեսզի հակառակորդը դիմի այդպիսի գործողությունների»։

Ի դեպ, այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ-ի առաքելությունը Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականները։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային մյուս օգնականները։

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

XS
SM
MD
LG