Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Իրանի հետ կապող երկաթուղի կկառուցի


«Ռուսական երկաթուղիներ»-ը մտադիր է Իրանում ներդնել շուրջ 8.5 միլիարդ դոլար։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը չի հաջողվում իրագործել Ռուսաստանը Աբխազիայով Հայաստանին կապող երկաթուղու վերագործարկման ծրագիրը, պատճառը՝ ռուս - վրացական վատ հարաբերություններն են։ Փոխարենը՝ Մոսկվան որոշել է Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը Իրանի հետ կապող երկաթուղի կառուցել։

Ինչպես երեկ հայտնել է Ռուսաստանի Պետդումայի տրանսպորտի կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակներում հայտարարվել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է Իրանից դեպի Ադրբեջան, այնուհետև՝ դեպի Ռուսաստան երկաթուղի կառուցել և էլեկտրաֆիկացնել այն։

Ըստ նախագծի, իրանական Կազվին և Ռեշտ քաղաքները կմիանան երկաթուղով, որն այնուհետև կշարունակվի դեպի հյուսիս՝ մինչև Իրանի սահմանամերձ Աստարա ավանը, որը նախատեսվում է միացնել նույն անունը կրող ադրբեջանական քաղաքին սահմանի արդեն մյուս կողմում։

Ադրբեջանի տարածքով Իրանի ու Ռուսաստանի երկաթուղիների միացումը ապահովող հատվածի կառուցման մասին որոշումը կայացվել էր դեռ 2005 թվականին, սակայն շինարարությունն անընդհատ ձգձգվում էր։

Ռուսական կողմը հայտնում է, որ ծրագրի իրականացման մասին պայմանագիրը նախատեսված է կնքել արդեն 2015 թվականի հունվարին։

Ըստ փորձագետների, Աստարա - Ռեշտ - Կազվին ծրագիրն արժե 200 միլիոն դոլար, որից 20 միլիոնը ծախսվելու է ադրբեջանական հատվածի վրա՝ այնտեղ երկաթուղի կա, սակայն այն պետք է վերանորոգել: Իսկ ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է Իրանում ներդնել շուրջ 8.5 միլիարդ դոլար։

Խորհրդային տարիներին, հիշեցնենք, Ռուսաստանը Իրանին կապող երկաթուղին անցնում էր Վրաստանի, Հայաստանի ու Նախիջևանի տարածքներով։

XS
SM
MD
LG