Մատչելիության հղումներ

«Կասկադից Օպերան այլևս չի երևա, եթե Մոսկովյանի շինարարությունն ավարտին հասցվի»


Ճարտարապետներն ու ակտիվիստները դիմել են ոստիկանություն։

Կասկադից Օպերան այլևս չի երևա, եթե Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում այժմ իրականացվող շինարարությունը ավարտին հասցվի: Այս մասին «Ազատությանը» ահազանգած երգիչ Արթուր Իսպիրյանի մտահոգությունը կիսում են նաև «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանն ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ովքեր երեկ դիմել են ոստիկանություն:

Շինթույլտվության բացակայության պատճառով ոստիկանները դադարեցրել են աշխատանքները: Այսօր, սակայն, մեր այցելության պահին դրանք վերսկսվել էին:

«Խորը հիմքով ընթացող շինարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ տեղում ստորգետնյա պահեստով առնվազն մեկ հարկանի շինություն է կառուցվելու», - ասաց ճարտարապետ Քալաշյանը:

Ներկայանալ չցանկացող անձինք, ովքեր հսկում էին շինարարական աշխատանքները, պնդեցին, որ ընդամենը սալիկներն են նորոգում և շինարարություն չեն իրականացնում։

Շինարարության կադրերն առաջինն իր ֆեյսբուքյան էջում տեղադրած երգիչ Արթուր Իսպիրյանի համոզմամբ՝ հերթական կանաչ տարածքի հաշվին ապօրինի շինություն է կառուցվում:

«Այսպես կոպիտ սխալ Երևան քաղաքում իրականացնելը իհարկե խայտառակություն է։ Նախևառաջ պետք է ամաչի վարձակալողը, երկրորդը՝ քաղաքապետը։ Եթե մենք քնած մնանք, իրենք էլ ինչ կուզեն կանեն, ոնց որ մինչև հիմա արել են։ Ես կոչ եմ անում իմ ընկերներին, որ արթնանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իսպիրյանը։

Ճարտարապետ Քալաշյանը նշեց, որ այս տարածքը պատկանում է քաղաքապետարանին, և այստեղ շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ էր քաղաքաշինության հանձնաժողովի համաձայնությունը: Ինքն այդ հանձնաժողովի անդամ է, ու վստահ է՝ կառուցապատման իրավունք չեն տվել, նույնիսկ տեղյակ չեն:

«Ես կարծում եմ, որ այս ապօրինությունը հարվածում է առաջին հերթին քաղաքապետարանի հեղինակությանը, որովհետև քաղաքի կենտրոնական կանաչ գոտին է, և իրենք պետք է քաջ գիտենան, որ սա հեղինակազրկման խնդիր է։ Սա ենթադրում է, որ ներքևը հարկ են ավելացնելու, որովհետև այլ կերպ պատճառաբանել այս արմատուրաների առկայությունը հնարավոր չէ», - ասաց Քալաշյանը։

Քաղաքապետարանից ողջ օրվա ընթացքում այդպես էլ չստացանք պարզաբանում, թե տվյալ տարածքը ո՞ւմ և որքա՞ն ժամանակով է հանձնվել վարձակալության և թե ու՞մ նախաձեռնությամբ է այս պահին շինարարություն իրականացվում:

Հիշեցնենք, սակայն, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի դիմումի հիման վրա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն անցած տարի ուսումնասիրել էր «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը, որի համաձայն, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին մի շարք ընկերություններից բացի պատկանում է նաև այս սրճարանը:

Ուսումնասիրություններ կատարելուց հետո հանձնաժողովը պարզել էր, որ Խաչատրյանը շահերի բախման մեջ չի եղել, իսկ նշված ընկերություններից միայն երկուսը պատկանում են ոչ թե այն ժամանակ դեռ ՊԵԿ-ի նախագահին, այլ նրա զավակներին: Օպերայի հարակից տարածքում գործող այս սրճարանի մասին սակայն հանձնաժողովը ոչինչ չէր առանձնացրել:

XS
SM
MD
LG