Մատչելիության հղումներ

Լրագրողները իրավապահների ուշադրության կենտրոնում. ՀՔԾ է հրավիրվել Epress-ի լրագրողը


Խոսքի ազատության ջատագովները մտավախություն ունեն, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետ խոսքի ազատության ոտնահարման դեպքերը չեն շրջանցի նաև Հայաստանը։

Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել լրագրողները: Վերջինը Հատուկ քննչական ծառայություն ներկայանալու պահանջ ստացել է Epress-ի լրագրող Լուսինե Խաչատրյանը։ Նա օրենք չի խախտել, պարզապես մասնագիտական պարտականություններն է կատարել:

«Զանգահարողը ներկայացավ որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ Սամվել Սարգսյան և ինձ հրավիրեց բաժին՝ հարցաքննության։ Բնական է՝ անակնկալի եկա, չպատկերացրեցի՝ ինչի համար, ու ինքը բացատրեց, որ հրավիրված եմ ամիսներ առաջ քաղաքացի Էմմա Սահակյանին զանգահարելու համար», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Լուսինե Խաչատրյանը։

Քննիչի մատնանշած Էմման, նախագահի նստավայրի դիմաց նստացույց սկսած Էմմա Սահակյանն է, ում անցած տարի Ռուսաստանի նախագահի այցի ժամանակ ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին Բաղրամյան 26-ից. կինը բողոքել է ոստիկանների գործողությունից, ՀՔԾ են հրավիրել լրագրողին: Լուսինե Խաչատրյանը չի բացառում, որ կառույցը արշավ է սկսել լրագրողների նկատմամբ։

«Քանի որ լրագրողները միշտ են այսպես նշանակետում և պարբերաբար ենթարկվում են բռնությունների, բնականաբար, միտում տեսնում եմ», - ասաց լրագրողը։

Խաչատրյանը Epress-ի երրորդ լրագրողն է, որն այս ամիս հրավիրվել է ՀՔԾ. Յուրի Մանվելյանն ու Տիգրան Խաչատրյանը հարցաքննվել են «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա Ազգային ժողովի անվտանգության պետի հարձակման գործով:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը այս վիճակագրությունը պատահականություն չհամարեց՝ ընդգծելով, որ ՀՔԾ-ն թակարդ է լարել ոլորտում ակտիվ յուրաքանչյուր լրագրողի նկատմամբ։

«Լուսինեն ընկավ այդ ծուղակի մեջ, և գտան մի բան, որից կարելի է Լուսինեին կպնել», - ասաց Դանիելյանը։

Կաշառակերություն, պաշտոնական դիրքի չարաշահում, բյուջեից մսխած գումարներ, ու սպանություններ։ Աղմկահարույց այսօրինակ դեպքերը շատ ժամանակ բացահայտվում ու ջրի երես են դուրս գալիս ոչ թե իրավապահների, այլ հետաքննող լրագրողների կողմից։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի պնդմամբ՝ այս կերպ ՀՔԾ-ն մեկ հարվածով փորձում է երկու նապաստակ որսալ։

«Առաջինը հեշտացնել իրենց գործը, երկրորդ՝ բարդացնել լրագրողի աշխատանքը, այսինքն սահմանափակել լրագրողի աշխատանքը հետաքննական լրագրություն իրականացնելիս», -ասաց Նավասարդյանը։

Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի, ավելացել են նաև լրատվության աղբյուրը բացահայտելու ճնշումները: Նավասարդյանի խոսքով՝ թեև օրենքը ապահովագրում է լրագրողին, այդուամենայնիվ, հեշտացնելով իրենց աշխատանքը՝ քննիչները, կամ դատարանը ստիպում են լրատվամիջոցին բացել բոլոր խաղաքարտերը, այս դեպքում արդեն, հարվածի տակ է դրվում ոչ միայն լրագրողը, այլև նրան տեղեկատվություն հաղորդողը:

«Հայաստանում մենք արդեն ունենք մի քանի նախադեպեր, երբ այդ սկզբունքերին ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ էլ նույնիսկ, ցավոք, դատարանըչեն հետևել», - ասաց Նավասարդյանը։

Հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցության հեռանկարը, որի անդամ երկրներում խոսքի ազատության ոտնահարման դեպքերն առավել տարածված են, Նավասարդյանը մտավախություն ունի, որ այդ միտումը չի շրջանցի նաև Հայաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG