Մատչելիության հղումներ

Ամերիկայում այսօր մոտ 12 միլիոն մարդ չունի այստեղ բնակվելու և աշխատելու օրինական իրավունք: Ու չնայած նրանց խնդիրը տարիներ շարունակ ամերիկյան քաղաքական օրակարգում թեժ քննարկումների թեմա է, ներգաղթի մասին օրենքներում փոփոխությունների իրականացումը ձգձգվում է Կոնգրեսում առկա լուրջ տարաձայնությունների պատճառով:

Նախագահ Բարաք Օբաման հունիս ամսին հայտարարել էր, որ եթե Կոնգրեսը չի կատարում իր գործը, դա կանի Սպիտակ տունը։ Հիշեցնենք՝ Օբաման ցանկանում է Ամերիկայում անօրինական բնակվող անձանց օրինական կարգավիճակ տալ:

Հանրապետականները դրա համար նախապայման են առաջարկում սահմանների ուժեղ վերահսկումը՝ անօրինական փախստականների հետագա մուտքն ԱՄՆ դադարեցնելու համար։ Նրանք շարունակում են դատապարտել նախագահի ներկայացրած փոփոխությունների ծրագիրը։

Ինչպես Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջոն Բեյներն է ասել, իրենք շարունակելու են ամեն գնով պայքարել նախագահի ընտրած ուղու դեմ։ Նախագահի ծրագիրը նա անվանել է «սխալ ուղի» և նշել, թե այդ մասին է վկայում նաև Կոնգրեսի ընտրությունների արդյունքը, երբ ժողովրդի մեծամասնությունը ձայն տվեց հանրապետականներին։

Նման կարծիքի է նաև Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ ՄըքՔոնելը, որը շուտով դառնալու է Սենատում մեծամասնության ղեկավար։ «Ես պարզամտորեն հույս ունեի, որ նախագահը, հաշվի առնելով ընտրությունների արդյունքը, կփորձեր համաձայնության գալ հանրապետականների հետ, սակայն նրա ներկա դիրքն ամենևին այդ մասին չի խոսում», - ասել է ՄըքՔոնելը։

Եթե, անտեսելով Կոնգրեսի կարծիքը, Օբաման օրենքը կիրառելու որոշում ընդունի, այն կարող է վիճարկվել դատարանում։ Օբամայի նման քայլը կանխելու համար Բեյները սպառնում է ուշացնել ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը, ինչի արդյունքում դաշնային կառավարության մեծաթիվ հաստատություններ եկող ամիս կարող են ժամանակավորապես փակվել։

Մինչդեռ Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականներից շատերն ասում են, թե նախագահական հրամանն ավելի նախընտրելի է, քան ներկա ստատուս քվոն ։

Հանրապետականների խոսքերով, նման քայլը «կթունավորի Կոնգրեսի ու Սպիտակ տան միջև հարաբերությունները», այն պարագայում, երբ Օբամայի կառավարմանը մնացել է ընդամենը երկու տարի։ Նրանց խոսքերով, Օբաման կարծես ձգտում է դրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG