Մատչելիության հղումներ

Պորոշենկո. «Ուկրաինան պատրաստ է տոտալ պատերազմի»


Պորոշենկո. «Ուկրաինան պատրաստ է տոտալ պատերազմի»
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Պատժամիջոցների ենթարկված մարդկանց ցուցակը մինչև ամսվա վերջ կընդարձակվի։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «Բիլդ» գերմանական հանդեսին ասել է, որ ինքը չի վախենում ռուսական բանակի հետ լայնածավալ բախումներից։

«Ուկրաինան պատրաստ է տոտալ պատերազմի, մենք չենք ուզում պատերազմ, մենք ուզում ենք խաղաղություն, պաշտպանում ենք եվրոպական արժեքները, սակայն ռուսները որևէ համաձայնագիր չեն հարգում»,- ասել է Պորոշենկոն։

Ռուսաստանը Բրիսբենում` «Մեծ քսանի» գագաթաժողովում, Ուկրաինայի խնդրի հետևանքով ենթարկվել է անչափ խիստ քննադատության։ Բանը հասել է այնտեղ, որ Վլադիմիր Պուտինը վաղաժամ լքել է հավաքը, բացատրելով, թե իբր ուզում է մի քանի ժամ քնել երկուշաբթի օրն աշխատանքի գնալուց առաջ։ Պարզաբանում, որը օդանավով, սուզանավով, դելտոպլանով, մարտական կործանիչով և «Լադա-Կալինայով» երթևեկելու հարուստ փորձ ունեցող նախագահը նախկինում երբևէ չի հնչեցրել։

«Մեծ քսանի» հավաքում նրան միանշանակ ասել են, որ Ուկրաինայի իրավիճակը շարունակաբար ապակայունացնելու դեպքում Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ոչ միայն կմնան ուժի մեջ, այլև ավելի խիստ քայլեր կձեռնարկվեն։

Պատժամիջոցներն աշխատում են, ցավալի և շոշափելի ազդեցություն են գործում, ռուսները դա գիտեն։

«Մասնագիտական խմբերը հսկում են վիճակը և հարկ եղած դեպքում մենք ավելի խիստ պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սիդնեյում` Լոուի միջազգային հետազոտությունների ինստիտուտում ասել է, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ուժով փորձում է հարևանին վերադարձնել իր ազդեցության գոտի։

«Համաշխարհային երկու սարսափելի պատերազմներից և սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի խաղաղությունը կասկածի տակ է դրվում, Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել Դոնեցկի և Լուգանսկի վիճակը»,- ասել է Մերկելը։

Այսօր Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների ժողովն է։ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Ուկրաինայի հարցն անպայման կքննարկվի այսօրվա նիստում, դա է օրակարգի հիմնական թեման։

«Մենք քննարկելու ենք պատժամիջոցների հարցը, բայց միայն դրանցով չենք սահմանափակվի, միայն պատժամիջոցները բավական չեն։ Մենք արտաքին գործոց նախարար Պավլո Կլիմկինի հետ քննարկելու ենք Ուկրաինայի բարեփոխումների ծրագիրը և կնքելու ենք համաձայնագիր, որով Եվրամիությունը կօգնի Ուկրաինային վերակառուցել քաղաքացիական անվտանգությունը։ Դա կսկսվի դեկտեմբերի 1-ից»,- ասել է Մոգերինին։

ԵՄ արտգործնախարարները որոշել են մինչև նոյեմբերի վերջ հրապարակել պատժամիջոցների ենթարկվող անջատականների անունները։

Ռուսներն ու ուկրաինացիները սեպտեմբերի 5-ին Մինսկում խաղաղության արձանագրություն են կնքել, սակայն այն հաճախ խախտվում է։ Այս տարվա ապրիլից Ուկրաինայի արևելքում մեկնարկած ռազմական բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 4000 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG