Մատչելիության հղումներ

«Ես սեղմում եմ ձեր ձեռքը, բայց պետք է ասեմ՝ հեռացե՛ք Ուկրաինայից»


Ավստրալիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լքում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, Բրիսբեն, 16-ը նոյեմբերի, 2014թ․
Ավստրալիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լքում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, Բրիսբեն, 16-ը նոյեմբերի, 2014թ․

Արևմտյան մեկնաբանների կարծիքով՝ այս աստիճանի ծանր միջազգային ճնշումների Վլադիմիր Պուտինը երբևէ չի ենթարկվել։

Բրիսբենում Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները բոլոր միջոցներով նկատել են տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցանկալի հյուր է։

Հավաքը հյուրընկալող Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը և Պուտինը գրկել են փոքրիկ, սիրունիկ արջուկներին` կոալաներին, և լուսանկարվել, բայց այդ հուզիչ կադրից զատ որևէ դրական հանգամանք նրանց հարաբերություններում չի եղել։

Էբոթն ասել է, որ «Պուտինը ցանկանում է վերականգնել ցարիզմի կամ նախկին Խորհրդային Միության կորցրած փառքը»։

Խմբով լուսանկարվելիս` գագաթնաժողովի մասնակիցները Պուտինին մղել են հեռավոր անկյուն։

«Ես սեղմում եմ Ձեր ձեռքը, բայց պետք է ասեմ՝ հեռացե՛ք Ուկրաինայից», - Պուտինին ասել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։

Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, խոսելով մերօրյա միջազգային սպառնալիքների մասին, հավասարության նշան է դրել Ռուսաստանի և էբոլայի միջև։

Նախաճաշի ժամանակ Արևմուտքի լիդերներից ոչ մեկը չի ցանկացել Պուտինի հետ նստել մի սեղանի շուրջ։ Միայն Բրազիլիայի նախագահն էր Պուտինի սեղանակիցը, ինչը ռուս ոչ իշխանամետ վերլուծաբանների հեգնանքն է հարուցել։

Լրագրող Եվգենի Կիսելյովի փոխանցմամբ՝ Կրեմլի պաշտոնական մամուլը հավաստիացնում է, որ Բրիսբենում հանդիպումներն անցել են բարեկամական նորմալ մթնոլորտում, սակայն իրականում նման բան չի եղել։ «Եթե ինձ հիշեցնեն, որ Բրազիլիայի նախագահը դարձավ Պուտինի սեղանակիցը, ապա ես կպատասխանեմ` ավելի վատ հենց պարոն Պուտինի համար, չեմ կարծում, որ նա այդպիսի սեղանակցի մասին է երազել», - գրել է Կիսելյովը։

Ընդդիմադիր լրագրողի կարծիքով՝ «Արևմուտքը համոզվել է, որ ռազմավարական առումով Պուտինի հետ գործ ունենալ պետք չէ»։ «Նա միայն ուժի լեզուն է հասկանում, երկխոսությունը կշարունակվի, Արևմուտքը կշարունակի համոզել Մոսկվային փոխզիջումների գնալ, բայց ռազմավարական տեսակետից Արևմուտքը նրա վրա արդեն խաչ է քաշել», - ընդգծում է Կիսելյովը:

Եվգենի Կիսելյովի փոխանցմամբ՝ սկսվել է առճակատում, որի մեջ ներքաշված կողմերի ուժերի համեմատությունը Մոսկվայի օգտին չէ.

«Արևմուտքն ունի մեկ միլիարդ բնակչություն, մոլորակի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, առաջատար գիտություն, արդիական տեխնոլոգիաներ։ Ռուսաստանն ունի 144 միլիոն բնակչություն, համաշխարհային համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը։ Թվում է, թե առճակատման արդյունքը կանխատեսել դժվար չէ, բայց կա մեկ հանգամանք` Ռուսաստանը միջուկային տերություն է, ոչ ոք չգիտի, թե որքան հեռու կգնա Պուտինն իր ուժն Արևմուտքին ցույց տալու համար», - մռայլ եզրակացության է հանգում Կիսելյովը։

Bloomberg հանդեսը նշում է, որ Պուտինը Բրիսբենում մանտրայի պես անվերջ կրկնում էր, թե «պատժամիջոցները բոլորին են վնասում, ռուսական զորքեր Ուկրաինայում չկան»։

La Stampa պարբերականն էլ գրել է, թե Պուտինը ժամանակից շուտ հեռացավ Բրիսբենից` ասելով, որ քնելու կարիք ունի։ «Իսկ ո՞վ է այսօր շատ քնում, դա ընդամենը փախուստ էր, նա հեռացավ, որ խուսափի Ուկրաինայի հարցով Ռուսաստանին ուղղված քննադատության հզոր ալիքից», - գրել է իտալական պարբերականի թղթակիցը և ավելացրել. - «Այնուամենայնիվ, պետք է արձանագրել` Պուտինը Բրիսբենում ապացուցեց, որ լավ է դիմանում հարվածներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG