Մատչելիության հղումներ

Պրահայում տոնում են թավշյա հեղափոխության 25-ամյակը


Պրահայի կենտրոնական և խորհրդանշական Վացլավի հրապարակում այսօր մոմավառություն է և համերգ:

Չեխիայի ժողովուրդը 25 տարի առաջ երկրի զարգացման ճանապարհն ապահովեց հաստատակամության և առաջնորդ Վացլավ Հավելի անձնվեր պայքարի շնորհիվ:

Ժողովրդի ընդվզումը 25 տարի առաջ Պրահայում այն աստիճանի անկասելի էր, որ մինչ այժմ ժողովրդավարության համար պայքարող երկրներին հատուկ ոստիկանական բռնություններն այսօր Չեխիայում դարձել են ընդամենը հիշողություն: Ուղիղ 25 տարի առաջ այս օրը Պրահայում թավշյա հեղափոխությունը սկսվեց անսպասելիորեն, հանկարծակի: Նախապես ծրագրված ցույցը վերաճեց համաժողովրդական բողոքի ակցիայի, հակակառավարական բուռն ելույթների: 25 տարի առաջ այս օրը հազարավոր ուսանողներ ցույց էին կազմակերպել բռնաճնշումների ժամանակ գնդակահարված և ձերբակալված չեխ ուսանողներին հիշելով:

Չեխական թավշյա հեղափոխությունը գագաթնակետին հասավ, երբ փողոց դուրս եկած ժողովուրդն արժանապատվորեն հակադարձեց ոստիկանական բիրտ ուժին, հեղափոխականների շարքերում արդեն տեղեկություն կար ոստիկանական ներգործության հետևանքով 500 տուժածների և ուսանող Մարտին Շմիդի սպանության մասին: Կառավարությունը պահելու՝ կոմունիստական ջանքերն այլևս դարձան ընդամենը պատմության հուշ:

Տարիներ շարունակ Չեխիայում հակաժողովրդավարական բարքերից դժգոհություններն ուղեկցվում էին ծայրահեղ քայլերով՝ Յան Պալախի ինքնահրկիզմամբ, քաղաքական գործիչների բանտարկություններով:

Այսօր Պրահայի հեղափոխական հրապարակում են նաև մարդիկ, որոնք 25 տարի առաջ ուսանողական շարժմանն էին ակտիվ մասնակցել: Մեր զրուցակից Ալեքսանդր Ֆլաքը մտաբերեց, թ ե ինքն ու ընկերները 25 տարի առաջ նույն հրապարակում ինչ ոգևորությամբ էին պայքարում, երբ ինքը դեռ 21 տարեկան էր։

Բայց մեր զրուցակիցն ասում է՝ չնայած Վացլավ Հավելի առաջնորդությամբ հեղափոխությունը հաջողությամբ պսակվեց, այս երկրում քաղաքացիները դեռ շատ անելիք ունեն:

Զբոսաշրջիկների համար այս օրը հետաքրքիր է, քանի որ, ինչպես նշեց Ավստրիայից Պրահա ժամանած քաղաքացին, միայն հեռուստատեսությամբ է լսել թավշյա հեղափոխության մասին։

«Անչափ հետաքրքիր է լինել մի հրապարակում, որտեղ մարդիկ ի վերջո կարողացան իրականացնել թավշյա հեղափոխության երազանքը և կտրուկ փոխել երկրի ճանապարհը՝ ժողովրդավարության շնորհիվ»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG