Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան. Նախնական տվյալներով Մի-24 ինքնաթիռը խոցվել է ռուսական զենքով


Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաղը ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկմանը կմասնակցի Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից:

«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ-ի առաքելության անդամների անվտանգությունը», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։

Հակոբյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` միջդիրքային գոտում կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը վերջնականապես պարզելու և դրանից բխող մյուս գործընթացները իրականացնելու համար, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Իսկ երեկ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին ընդունել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադառնալով օրեր առաջ ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Լեռնային Ղարաբաղի նախագահն Ադրբեջանի գործողությունները որակել է ստոր և ապակառուցողական: Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում և խոչընդոտում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:

Բակո Սահակյանը կարևորել է միջազգային հանրության խիստ և հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողությունները չեն մնալու անպատասխան:

Նշենք, որ ինտենսիվ կրակոցների պատճառով ղարաբաղյան կողմը մի քանի օր շարունակ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին։ Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը մանրամասնել էր, որ ուղղաթիռն ընկել է ղարաբաղա - ադրբեջանական շփման գծի միջդիրքային հատվածում։

«150 մետր հեռու է հակառակորդի դիրքից և 350 մետր՝ մեր դիրքից, ինչը ընկնում է ուղիղ կրակային խոցման տակ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ իրավիճակը առաջնագծում ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությանը, և ցանկացած շարժ այնտեղ խոցվում է հակառակորդի կողմից։ Այդ տարածքը մտնելը որոշակի վտանգավորություն է ներկայացնում, առանձնապես, որ հակառակորդը գիտի, որ մենք հենց կոնկրետ այդ քառակուսի մետրը մտնելու ենք, և այն իրենց անմիջական հսկողության տակ է։ Ելնելով դրանից՝ մենք որոշումները դեռևս քննարկում ենք, և դրանք հրապարակման ենթակա չեն», - ընդգծեց ՊԲ հրամանատարը։

Պաշտպանության բանակը, բնականաբար, չի հրապարակում նաև, թե ինչ պատասխան գործողություններ են սպասվում հակառակորդին. - «Որևէ սադրանք անպատասխան չի մնալու, թե ինչ գործողություններ, դա բանակի խնդիրն է, ինքը իր խնդիրը կկատարի»։

Նախնական տվյալներով Մի-24 ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության զենքով։

«Մեր դիտարկումը և Ադրբեջանի տված տվյալները խոսում են այն մասին, որ խոցվել է «Ստրելա» տեսակի զենիթահրթիռային կայանից։ Դա ռուսական ինքնակառավարվող հրթիռներ են», - ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ որևէ պայմանագիր չկա, որ Ռուսաստանը չպիտի զենք վաճառի որևէ երկրի. - «Սահմանափակում չկա, որ ինքը պետք է հաշվետու լինի Հայաստանի Հանրապետությանը՝ ում պիտի զենք վաճառի»։

«Իհարկե ցավալի է, մենք դաշնակից երկրներ ենք, մենք ռազմավարական դաշնակից ենք, և կարծում եմ, որ Ռուսաստանը իր տնտեսական շահերը հետապնդելու ժամանակ պետք է հաշվի առնի նաև մեր շահերը, ինչը չի իրականանում», - ասաց Մովսես Հակոբյանը։

Պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը կատարելու է այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացով չի լուծվել ղարաբաղյան հիմնահարցը, վստահեցնում է բանակի հրամանատարը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG