Մատչելիության հղումներ

Ավարտվել է ընդերքի զանգված ապօրինի արտահանելու դեպքով քրեական գործի նախաքննությունը


Հայաստանի քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Բլեսկ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բ. Բուդաղյանը, 2014 թվականի մայիսի սկզբներից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի «Գոգավան»-ի մաքսակետի արդիականացման աշխատանքների կատարման ընթացքում, առանց լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով տրված ընդերքօգտագործման թույլտվության և ընդերքօգտագործման պայմանագրի, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի արևմտյան կողմի հարակից դաշտավայրից արտահանել է 7180 խորանարդ մետր ծավալով ընդերքի զանգված և տեղափոխել «Գոգավան»-ի մաքսակետի տարածք՝ Միխայլովկա գյուղի վարչական տարածքի ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվելով էական վնաս:

Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված նյութական վնասը նախաքննության ընթացքում նրա կողմից ամբողջությամբ վերականգնվել է։

«Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, 2014 թվականի նոյեմբերի 17-ին ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG