Մատչելիության հղումներ

Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքում Մեծ քսանյակի այսօր մեկնարկած երկօրյա գագաթնաժողովի առանցքային թեման է դարձել Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այսօր ելույթ ունենալով Բրիսբեյնում գտնվող Քուինսլենդի համալսարանում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջնորդում է աշխարհը «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմագրավելու գործում»:

Ուկրաինական հակամարտությունը գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում ներառված չէ, սակայն Օբաման և Եվրոպական միության առաջնորդները պատրաստվում են քննարկել այն նոյեմբերի 16-ին՝ գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող իրենց հանդիպումներում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Բրիսբենում հայտարարել է, որ «ստեղծվել է անկայուն իրավիճակ համաշխարհային խաղաղության և տնտեսության համար» և կոչ է արել ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի ղեկավարներին Մեծ քսանյակի գագաթնաժողովում «քննարկել այդ հարցը»:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը Բրիսբեյնում հայտարարել է, որ ԵՄ արտգործնախարարները նոյեմբերի 17-ին կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե Մոսկվան իր զորքերը և զինտեխնիկան դուրս չբերի Ուկրաինայի արևելքից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նախօրեին է ժամանել Բրիսբեյն, շարունակում հերքել Ուկրաինայում ռուսական զորքերի առկայության մասին պնդումները:

Գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի թվում է էներգակիրների համաշխարհային շուկայի վերակազմակերպման խնդիրը, որի նպատակն է թույլ չտալ նավթի և գազի պաշարների օգտագործումը որպես արտաքին քաղաքականության զենք: Մասնավորապես, Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերությունը բազմիցս է օգտագործվել՝ այլ պետությունների կառավարությունների վրա ճնշում գործադրելու նպատակով՝ գազի մատակարարումների դադարեցման սպառնալիքի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG