Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանին. «Վե՛րջ, ֆլեշմոբ չի լինելու»


ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է ՀՀ և ԼՂ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետևել են նաև մարտական հրաձգության փուլին, այնուհետև տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաև ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինված ուժերի սպաներին ու զինվորներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների և խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:

«Ավարտին են մոտենում ԼՂՀ պաշտպանության բանակի և ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում երբևէ անցկացված ամենախոշոր, լայնամասշտաբ, ամենաօգտակար, զորավարժությունները, և չնայած ցավալի դեպքին, ես համարում եմ, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել: Իհարկե, համապատասխան մասնագետների, պատասխանատուների կողմից դեռևս կամփոփվեն, կվերլուծվեն և հետևություններ կարվեն, բայց այն, ինչ մենք տեսանք պայմանական մարտադաշտում, մեզ ուրախացնում է: Դուք ցուցաբերեցիք բարձր մարտական ունակություններ, ցուցաբերեցիք կամք, ցուցաբերեցիք Հայրենիքին նվիրվածություն: Ապրե՛ք, շնորհակալ եմ ձեզ»,- դիմելով զորավարժության մասնակիցներին՝ ասել է Սերժ Սարգսյանը։

«Անշուշտ, ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, և լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաև այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, և, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ ևս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ զորավարժության մասնակիցների վարպետությունն արդեն ստիպում է «Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին»:

«Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»,- ասել է նա:

Այնուհետև «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորահանդես:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել նաև Մարտակերտ քաղաքում զինվորական հոսպիտալի նորակառույց մասնաշենքի բացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG