Մատչելիության հղումներ

Գրավոր ընթացակարգով, փակ դռների հետևում առավոտից քննելով նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը՝ օրվա երկրորդ կեսին արդեն Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը։

«ՍԴ-ն որոշեց՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը։ Սույն որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

Ավելի քան 40 էջանոց որոշման մեջ դատարանն արձանագրում է, որ միությանն անդամակցելու համար խորհրդարանը երկու տասնյակից ավելի օրենքներ է փոփոխելու, Ազգային ժողովը պետք է որոշի նաև՝ նպատակահարմար է միանալ այդ դաշինքին, թե՝ ոչ։ Բայց Սահմանադրական դատարանն իր հերթին շեշտում է՝ միջազգային զարգացումների, գլոբալացման արդյունքում պետությունները խորացնում են համագործակցությունը։

«Նույնիսկ զարգացած երկրները ներառված են այս գործընթացներում և նոր հազարամյակում այլընտրանք չունեն»,- ասաց Հարությունյանը։

Սահմանադրական դատարանը հիշեցրեց, որ Եվրասիական միության որոշումներ կայացնող վերպետական մարմնում նաև Հայաստանն է ներկայացված լինելու, բացի այդ՝ եթե անդամակցության համար անհրաժեշտ է Մոսկվայի, Մինսկի և Աստանայի համաձայնությունը, ապա հետագայում Երևանը կարող է միակողմանիորեն լքել այս դաշինքը։

«Անդամակցության դադարման գործընթացը Հայաստանը կարող է նախաձեռնել ցանկացած պահի»։

Որոշման հրապարակման ավարտին դահլիճից վանկարկեցին՝ «Да здравствует Советский Союз»՝ «Կեցցե Սովետական Միությունը»: Հնչող ամոթանքներին, սակայն, Գագիկ Հարությունյանը և մյուս դատավորները չարձագանքեցին՝ արագ հեռանալով դահլիճից։

Տասնյակ քաղաքացիներ առավոտից բողոքի ցույց էին անցկացնում դատարանի առջև՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել փաստաթուղթը: Ակցիան մեկնարկեց միջադեպով, իրավապահները ուժի գործադրմամբ՝ հրելով, որոշ դեպքերում գետնին քարշ տալով ակտիվիստներին հեռացրին տարածքից՝ ոստիկանական պատով շրջափակելով Սահմանադրական դատարանի շենքը։

Կասկած չունենալով, որ Գագիկ Հարությունյանի գլխավորած դատարանը հաստատելու էր պայմանգիրը՝ ուղարկելով այն խորհրդարանի վավերացմանը, ցուցարարները պահանջում էին բանավոր դատավարություն։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, դատարանը միտումնավոր է գաղտնի քննել ժողովրդի համար այսքան կարևոր, մեծ հնչեղություն ունեցող հարցը։

«Հանրությունը իրավունք ունի ոչ միայն տեղյակ լինելու, այլ մանրամասն բոլոր նրբերանգներին ծանոթանալու: Սրանից արդեն կարելի է եզրակացնել, որ լավ բան սպասել չի կարելի: Ռազմավարական կողմնորոշման հարցը մտցնել այսպիսի քողարկյալ մթնոլորտ բնորոշ է հանցագործներին: Չի կարող լինել գաղտնի արդարադատություն», - ասում է նա:

Մինչդեռ պայմանագրի հակասությունները Սահմանադրության հետ, ըստ ցույցի մասնակիցների, ակնհայտ էին: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանցագործություն որակեց այսօրվա որոշումը։ Նա մատնացույց է անում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ամրագրող հիմնարար հոդվածները։

«Կարող է Հայաստանը դեմ լինել իր տարածքում որևէ ընդունվող որոշման կիրառությանը, բայց քանի որ որոշումները ընդունվում են մեծամասնությամբ և քանի որ Ղազախստանը, Բելառուսը կարող են կողմ լինել դրանց, հետևաբար անկախ նրանից՝ Հայաստանի կառավարությունը դեմ է քվեարկել այնտեղ, թե Ազգային ժողովը այստեղ ինչպիսի վերաբերմունք կունենա, ընդամենը լինելու է դակողի կարգավիճակում: Սա ուղղակի նոնսենս է և Սահմանադրական դատարանը մեծագույն հանցագործությունը կատարած կլինի, եթե այն ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող»,- նշեց նա:

Ավելի հակասահմանադրական փաստաթուղթ այս կառույց դեռ չէր մտել, ասում էին ցուցարարները՝ պնդելով, որ դատարանը աչք փակեց վիճելի բոլոր կետերի վրա՝ հազար էջանոց պայմանագրից ծաղկաքաղ անելով միայն դրական մասերը։

«ՍԴ-ն փորձեց իմիտացիա ստեղծել, որ ԵՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»,- ասաց ակտիվիստներից մեկը։

Պարույր Հայրիկյանը հիշեցնում է՝ ռուբլին ժամ առ ժամ արժեզրկվում է, Հայաստանն ի՞նչ օգուտ է ստանալու կործանվող տնտեսությունից.- «Եվ միայն տնտեսական ճգնաժամը չէ, որ մեզ սպասում է։ Եթե երեք բռնապետներ համագործակցում են իրար հետ, նրանց միավորողը ի՞նչն է։ Ոչ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցում, ոչ տնտեսական, ոչ անվտանգության, որևէ հարցում մենք դրական ակնկալիք չենք կարող ունենալ»։

Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը շարունակում է՝ նաև մշակութային ինտեգրացիա է պարտադրվում՝ Հայաստանում ռուսական երգի փառատոններ են կազմակերպում, ակումբներ, գրադարաններ բացվում։

«Եվ հիմա այլևս կարծես թե ընդամենը վավերացնում են այն, ինչ կտոր-կտոր հանձնել են ինքնիշխանությունից։ Սա լիակատար գաղութացում է, մենք դրա հետևանքները կտեսնենք շատ շուտով»,- ասաց ակտիվիստը։

XS
SM
MD
LG