Մատչելիության հղումներ

Հայաստանը Պորտուգալիայի հետ կխաղա ուժեղագույն կազմով


Հայաստանը Պորտուգալիայի հետ կխաղա ուժեղագույն կազմով
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր 2014 թվականի վերջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի Պորտուգալիայի ընտրանու հետ։

Եվրո 2016-ի ընտրական փուլում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 9-րդ տեղում գտնվող Պորտուգալիայի հետ արտագնա հանդիպումը կկայանա Ֆարու քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում։

Նախախաղային մարզմանը մասնակցել են թիմի այն առաջատար ֆուտբոլիստներն, ովքեր ամբողջովին վերականգնվել են վնասվածքներից. շարք են վերադարձել Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հրայր Մկոյանը: Հանդիպմանը չի մասնակցելու Արազ Օզբիլիսը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կադրային փորձարկումներ չի կանխատեսում, սակայն կարելի է ենթադրել փոփոխություններ ֆուտբոլիստների դիրքերում։

Նախաղային մամուլի ասուլիսում Շալանդը հայտարարեց, որ Պորտուգալիան ակնհայտ ֆավորիտ է. - «Ես կարծում եմ, որ Պորտուգալիան ակնհայտ ֆավորիտ է։ Մենք դա գիտենք՝ մենք հայ ենք, բայց մենք ևս ունենք լավ թիմ, մենք էլ կարող ենք անակնկալներ մատուցել, ես համոզված եմ դրանում։ Իբրև մարզիչ, ես երբեք չեմ ասում իմ թիմին՝ «Այսօր եթե մեկ միավոր վերցնեք, բավական է», բայց ես հստակորեն գիտեմ՝ ով ենք մենք, և ով է Պորտուգալիան։ Հայաստանի հավաքականն ուժեղ է անհատական գործողություններում, բայց միևնույն է, սա թիմ է»։

Եվրո-2016-ի ընտրական առաջին խմբում Հայաստանը մեկ միավորով ընթանում է վերջին հորիզոնականում, առաջին տեղում Ալբանիան է՝ վաստակած 4 միավորով, Հայաստանի ընտրանու այսօրվա մրցակից Պորտուգալիան գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ ակտիվի 3 միավորով։ Պորտուգալիայի կազմում նույնպես կան խնդիրներ. վնասվածք ունի Ֆաբիու Կոենտրաուն։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկես Պիզելին ասաց, որ միշտ, երբ խոսվում է Պորտուգալիայի հետ հանդիպման մասին, հիշատակվում է Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մենք գիտենք Կրիշտիանուն լավագույնն է իբրև անհատ ֆուտբոլիստ։ Բայց մենք այստեղ ենք պայքարելու Պորտուգալիայի հետ իբրև կոլեկտիվի, թիմի։ Նրանք ունեն ուժեղ և թույլ կողմեր այնպես, որ մենք պետք է մոռանանք Կրիշտիանո Ռոնալդուի մասին, որովհետև լինելու է 11-ը 11-ի դեմ», - հայտարարեց Պիզելին։

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում Պորտուգալիայի ընտրանուն։ «Վիվարո»-ն 12.50 գործակցով է գնահատում Հայաստանի հնարավորությունները, Պորտուգալիայի հաղթանակը՝ 1.21 գործակցով, իսկ ոչ-ոքի ելքը՝ 6.90։

Հայաստանի ընտրանին արտագնա խաղերում սովորաբար ավելի լավ է դրսևորում իրեն, իսկ Պորտուգալիայի հավաքականը հայտնի է տանը գրանցած լավ արդյուքներով։

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG