Մատչելիության հղումներ

Էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ՝ քրեակատարողական հաստատություններում


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ

10 քրեակատարողական հաստատություններում կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ընդգծելով, որ այսօր Կառավարությունում, Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսվում է քրեակատարողական հաստատություններում իրականացնել պատուհանների և դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում արևային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի և ծածկի ջերմամեկուսացում, գազատարների, կաթսայատների կառուցում և վերազինում, ներքին և արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով և այլն:

«Էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում ոչ միայն կնվազեն պետական բյուջեից ֆինանսավորվող քրեակատարողական հիմնարկների էներգետիկ ծախսերը, այլև կբարելավվեն ազատազրկված անձանց, այդ թվում՝ կանանց, անչափահասների կենսապայմանները, հիվանդանոցային պայմանները, քրեակատարողական աշխատողների աշխատանքային պայմանները, կբարձրանա ջերմային և հիգիենիկ հարմարավետության մակարդակը, կնվազեն ածխածնի երկօքսիդի արտանետումները և, ըստ այդմ, կնվազի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը»,- ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նախագիծը ֆինանսավորվել է ՀՎԷԷՀ-ի միջոցներով:

«10 քրեակատարողական հաստատություններում էներգախնայողական միջոցառումների իրականացման համար նախատեսվում է կատարել մոտ 1 միլիարդ 600 միլիոն դրամի ներդրում, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7000 կիլովատ/ժամ էներգիայի խնայողություն, մոտ 300 միլիոն դրամ դրամական արտահայտությամբ, ինչ իր հերթին կբերի տարեկան 1600 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցման: Այդ խնայված միջոցների հաշվին հետագայում կվերադարձվեն հիմնադրամի կողմից կատարված ներդրումները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG