Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի տարակարծությունները «հաղթահարման գործընթացում են»


ՀԱԿ-ի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ եռյակի հաջորդ հանրահավաքի օրը կհայտարարվի որոշում կայացնելուց հետո, «այժմ քննարկումներն ինտենսիվ կերպով ընթանում են»։

Հայ ազգային կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստան»-ի միջև առաջացած տարակարծությունները «այժմ հաղթահարման գործընթացում են», այսօր «Ազատությանը» փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Նախորդ օրերին մամուլը գրում էր, որ հակասություններ են առաջացել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: Նոյեմբերի 9-ին տարածված հայտարարությամբ Հայ ազգային կոնգրեսը զգուշացրել էր, թե, զբաղվելով շտաբերի ձևավորմամբ և անորոշ ժամկետով հետաձգելով ակտիվ քաղաքական գործողությունները, «Բարգավաճ Հայաստան»-ը կարող է «ճակատագրական սխալ թույլ տալ, քանի որ իշխող վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:

Հաջորդ օրը «Բարգավաճ Հայաստանի» մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, թե ՀԱԿ-ն իրավունք ունի ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում ցանկացած վայրում և ցանկացած պահի:

Այս հայտարարություններից հետո քաղաքական երկու ուժերի ներկայացուցիչները շտապեցին ընդգծել՝ իրենք հակասություններ չունեն:

«Դրանք ոչ թե հակասություններ են, այլ տարակարծություններ շարժման մարտավարական ընթացքի վերաբերյալ, որոնք հաղթահարելի են, և մենք հրապարակային դաշտում բաց, ազատ նույնիսկ դա քննարկել ենք։ Գիտեք, ՀԱԿ-ի հայտարարությունը, որ արվեց, որտեղ նույնպես նշվում էր մեր պատկերացրած մոտեցումը։ Սա շատ նորմալ, բնականոն գործընթաց է, և մենք ժողովրդից, ըստ էության, ոչինչ չենք թաքցնում, և այն մարտավարական տարակարծությունները, որոնք առկա են, դրանք այժմ արդեն իսկ հաղթահարման գործընթացում են», - ասաց Մուսինյանը։

Հարցին, թե արդյոք առաջիկայում կհայտարարվի՞ նոր հանրահավաքի օրը, Մուսինյանը պատասխանեց. - «Ցանկացած որոշում համաժողովրդական շարժման որևէ միջոցառման կամ գործունեության վերաբերյալ կհայտարարվի նման որոշում կայացնելուց հետո, այժմ քննարկումներն ինտենսիվ կերպով ընթանում են»։

Մուսինյանի հետ «Ազատությունը» խոսեց Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստից հետո: Նիստը վարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, և, ըստ Արման Մուսինյանի, քննարկվել է ներքաղաքական իրավիճակն ու «կարճ անդրադարձ է եղել կուսակցական խնդիրներին»:

XS
SM
MD
LG