Մատչելիության հղումներ

Փալոնը Օբամային կոչ է անում դատապարտել Բաքվի ագրեսիան


Կոնգրեսական Ֆրենք Փալոն

Կոնգրեսական Ֆրենք Փալոն

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր վրդովմունքը արտահայտելով ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման կապակցությամբ:

«Ինձ վրդովեցրեց և վշտացրեց ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռի վրա: Սա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կառավարության ագրեսիայի հերթական օրինակն է և իրենից ներկայացնում է նրա բռնի գործողությունների ահագնացում, որոնք շարունակում են ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա», - հայամետ կոնգրեսականի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հայտարարել է Փալոնը:

Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Ադրբեջանի կողմից նման ագրեսիայի շարունակումը և ցուցադրելու խաղաղությանն ու կայունությանը ԱՄՆ-ի նվիրվածությունը:

Փալոնը Օբամային կոչ է անում դատապարտել այս հարձակումը, ինչպես նաև հորդորում է դադարեցնել որևէ ռազմական օժանդակություն Ադրբեջանին և ուժեղացնել թիվ 907 ուղղման գործողությունը, որը սահմանափակում է ամերիկյան օգնությունը Ադրբեջանին՝ այդ պետության կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով: «Ժամանակն է, որ ինչպես նախագահը, այնպես էլ Կոնգրեսը հաշվետվություն պահանջեն Ադրբեջանից իր բռնի գործողությունների համար», - ասված է հայտարարությունում:

«Սպանվածների ընտանիքները և Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիները մնում են իմ խոհերում և աղոթքներում», - հայտարարում է Ֆրենք Փալոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG