Մատչելիության հղումներ

Նախագիծը, ըստ բնապահպանի, չի համապատասխանում բնապահպանական նշանակությանը:

Բնապահպաններն ահազանգում են, որ Սևանի իշխանի մանրաձկան վերականգնման ծրագրի արդեն պաշտոնապես հրապարակված նախագիծը, որը վերջերս ներկայացվել է Բնապահպանության նախարարության փորձաքննության ՊՈԱԿ-ին, չի համապատասխանում Սևանում իշխանի վերականգնման բնապահպանական նշանակությանը:

Սա Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի կարծիքն է, ով նաև նշում է, որ նախագիծը լի է Սևանա լճի համար վտանգներով:

Բնապահպանը հավելում է, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում կառուցվելու է ջրի փակ շրջանառությամբ Սևանի իշխանի մանրաձկան տնտեսություն, որտեղ 10 տարվա ընթացքում տարեկան իրականացվելու է 50 տոննա իշխանի արտադրություն։

Նախագծում, ըստ նրա, նշված չեն բնապահպանական ռիսկերը, որոնք, մինչդեռ, բավական մեծ են: Ադամյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում այդքան ձուկ ստանալու համար անհրաժեշտ է լիճ լցնել 50 հազար տոննա արհեստական կեր:

«Խոսել ենք, որ այո Սևանում պետք է ձուկ լինի, բայց որ էդ կերով, պատկերացրեք, թե ինչ նստվածք պիտի լինի: Մեզ ասացին, որ մոնիթորինգ է կատարվել էդ փորձնական մասում, որտեղ, որ ձկներ աճեցվում են: Ասեցինք, դե ցույց տվեք, ցավոք սրտի, մեզ չտվեցին էդ տվյալները», - ասաց Ադամյանը:

Բնապահպանության նախարարության փորձաքննության ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ծրագիրը արդեն քննարկվել է երկու հասարակական լսումների ընթացքում: Առաջին լսման ժամանակ որոշ դժգոհություններ հնչել են, սակայն երկրորդ լսմանը, որը կայացել է նոյեմբերի 7-ին, համայնքի բոլոր ներկայացուցիչները դրական են արձագանքել:

«Հավանության մթնոլորտում է անցել, նոյեմբերի 26-27-ի կողմը սպասվում է, որ դրա վերաբերյալ կտրվի վերջնական փորձաքննական եզրակացություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Հասարակական կառույցների ներկայացուցիչները պնդում են, թե բնակիչներին իրականում չեն ներկայացվել նախագծի բացասական կողմերը, մասնավորապես, արհեստական կերի ռիսկերը, այն, որ այդ կերը տարիների ընթացքում կարող է պարզապես ճահճացնել առանց այդ էլ ջրի մակարդակի բացասական բալանս ունեցող լիճը:

Բնապահպան Արամ Գրիգորյանը համոզված է, որ Կառավարությունը Սևանը չպետք է դիտարկի որպես ձկնաբուծարան կամ գործարան: Նրա կարծիքով՝ լիճը չպետք է դիտարկվի որպես տնտեսական շահի աղբյուր:

«Սևանա լճի հետ կատարվող այս փորձարկումներից հետո մենք ի վերջո չենք ստանալու այն տնտեսական շահը, ինչն ակնկալվում է», - ասում է Ադամյանը:

Ըստ նրա, ձուկը միջազգային շուկայում չի ունենալու այն արժեքը, ինչ մեր կառավարությունն է ակնկալում:

Այս նախագիծը չիրականացնելու պահանջով բնապահպանները նամակով դիմել են Կառավարությանը և Ազգային ժողովին:

XS
SM
MD
LG