Մատչելիության հղումներ

Եռյակը իշխանության հետ 12 կետերի կատարման շուրջ չի բանակցի


Եռյակը իշխանության հետ 12 կետերի կատարման շուրջ չի բանակցի: Բանակցություններ կարող են լինել միայն իշխանության հանձնման և արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանն, ըստ էության, հերքեց այս շաբաթ եռյակի նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, թե եռյակը քննարկումներ կսկսի իշխանությունների հետ, եթե նրանք կատարեն 12 պահանջներից կոնկրետ 10-րդ կետը և բարեփոխեն Ընտրական օրենսգիրքը: Լևոն Զուրաբյանը նշեց, թե իր համար նորություն է Ռուբեն Հակոբյանի ասածը:

«Եթե 12 կետերից մեկը կատարվի, այսինքն արտահերթ նիստով իշխանությունները ընդառաջ գնան և ընդունեն այն, ինչ մենք պահանջել ենք, դա չի նշանակում, որ մնացած 11 կետերի շուրջ մենք պատրաստ ենք իրենց հետ բանակցել։ Բացարձա՛կ։ Ես ասում եմ՝ բանակցություններ չեն լինելու։ Դա ինձ համար նորություն է։ Մենք հակառակը կարծիքներ ենք կիսել, որ բացարձակապես ոչ մի բանակցության չենք գնալու իշխանության հետ այս հարցերում։ Մենք միշտ ասել ենք, որ ժողովրդին իշխանության հանձնման, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերում մենք պատրաստ ենք բանակցել իշխանությունների հետ»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես պարզաբանեց իր և Զուրաբյանի տեսակետների տարբերությունը.- «Ես ասել եմ, որ եթե քաղաքական կամք ունի իշխանությունը, թող սա, այսինքն մեր առաջարկությունը ընդունի, այնուհետև կքննարկենք, թե ինչպես վարվել հետագա առաջարկությունների հետ»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ընդգծեց, թե «12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցել» արտահայտությունը իրենց համար անհասկանալի է, առավել ևս, որ առայսօր իշխանություններից որևէ առաջարկ այդ ուղղությամբ չեն ստացել:

«Ի՞նչ բանակցություններ... մենք հայտարարել ենք 12 կետերի մասին գրեթե մեկ տարի առաջ, մենք առաջարկել ենք իշխանություններին կատարել, կամ անում են դրանք, կամ չեն անում։ Բանակցություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե իրենք հայտարարեն, թե «այս կետը մենք չենք պատկերացնում ինչպես անել, եթե դուք ունեք պատկերացում, ասեք»։ Մենք պատրաստ ենք այդ դեպքում տրամադրել մեր պատկերացումները»,- ասաց Մարգարյանը.- «Եթե մեզ պիտի ասեն՝ եկեք քննարկենք, կարմիր գծերը ոնց անենք, դա ծիծաղելի է նույնիսկ։ Մենք որևէ դիմում որևէ մեկից, որևէ առաջարկություն պաշտոնապես չենք ստացել»։

Նշենք, որ շաբաթվա սկզբին Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, թե հանձնարարել է կառավարությանը ևս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական ուժերի՝ դեռևս հունիսին ներկայացրած 12 պահանջներին:

Հաջորդ օրը, սակայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե այդ պահանջների վերանայման մասին խոսք չի եղել: Սակայն ավելի ուշ վարչապետի խոսնակը կարծես թե սրբագրեց՝ ասելով, որ Հովիկ Աբրահամյանը շաբաթվա վերջին կառաջարկի քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով քննարկումները սկսել 12 կետերից առաջին հարցի շուրջ: Շաբաթն ավարտվեց, սակայն, ըստ եռյակի, առայսօր իրենց որևէ առաջարկ չի արվել: Ավելին, պարզվում է Հանրապետականը սպասում է, որ ոչ իշխանական ուժերը իրենք դիմեն իշխանությանը քննարկումներ սկսելու համար:

Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը.- «Ինչ է նշանակում, մենք պետք է գնանք, առանձին-առանձին մարդկանց հրավիրենք, ասենք՝ եկեք խնդրում ենք մեզ հետ քննարկենք։ Մենք հայտարարել ենք և նորից ենք կրկնում՝ ցանկացած ժամանակ թող քառյակով միասնական հայտարարություն անեն, որ «մենք պատրաստ ենք քննարկումները շարունակել և պայմանավորվենք օրվա և ժամի մասին»։

Հավելենք, որ այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների մյուս կարևոր թեման վերաբերում է երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին: Hraparak.am-ը տեղեկացրել էր, թե երեկ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի միջև: Ֆարմանյանը «Հրապարակ»-ին ասել էր, թե վեճի ընթացքում դաստիարակիչ ապտակ է տվել Զուրաբյանին:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Լևոն Զուրաբյանը վեճի շուրջ ներկայացրեց իր վարկածը.- «Իհարկե, լավ բան չէ, որ պարոն Ֆարմանյանը այդ պատահարի մասին վազել է լրատվական միջոցներ, նաև մի քիչ զոռ տալով երևակայությանը սուտ է ասել։ Մեր ժողովուրդը շատ լավ գիտի, թե նման պատահարներից առաջին խոսողները ինչ են։ Բայց մյուս կողմից ես, օրինակ, հասկանում եմ Սամվել Ֆարմանյանին, շատ ըմբռնում եմ մոտենում իր հոգեկան վիճակին, որովհետև մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ։ Կարող եմ հաստատել, որ իմ ոտքը, այնուամենայնիվ, անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները։ Դա ես հաստատում եմ։ Ավելին՝ ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը»։

XS
SM
MD
LG