Մատչելիության հղումներ

Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին


Արդեն երկու օր է անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խփվելուց, բայց դեռևս պաշտոնապես հստակ տեղեկություն չի հաղորդվել ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ։

Ուղղաթիռի անձնակազմի անդամներն են՝ Պաշտպանության բանակի զինծառայողներ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը փոխանցեց՝ քանի դեռ հայկական կողմը չի մոտեցել ընկած ուղղաթիռին, անձնակազմի անդամների մասին որևէ հստակ բան չի կարող։

«Եթե ես այնտեղ չեմ եղել, կոնկրետ փաստեր չունեմ, չեմ կարող ասել դիակները, թե կենդանի մարդիկ այնտեղ են, թե այնտեղ չեն։ Ես փաստ չունեմ»,- ասաց Հասրաթյանը։

Տեղանքը, որտեղ գտնվում է խոցված ուղղաթիռը, շարունակում է հայկական կողմի համար անհասանելի մնալ շարունակվող կրակահերթերի պատճառով։ Պաշտպանության բանակը չի կարողանում մուտք գործել շփման գծի չեզոք հատված՝ ճշտելու կատարվածի մանրամասները։

«Կրակահերթերը ավելի են ինտենսիվացրել»,- ասաց Հասրաթյանը՝ հավելելով, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ և հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես տեղի ունեցած ողբերգության վայրում։

Հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվելու և չեզոք գոտի մուտք գործելու համար, որպեսզի կարողանան այնտեղից դուրս բերել օդաչուներին։

Միջազգային այս կազմակերպության հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը հաստատված է, բայց դեռևս արդյունք չկա։

«Երկխոսության նպատակն է, որ կողմերը մեր միջնորդությամբ որոնման աշխատանքներ իրականացնեն և կարողանան գտնել պատասխաններ տալ, թե ինչպիսի ճակատագրի արժանացան օդաչուները և ուղղաթիռը»,- ասաց Ամատունին։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն, ով ղարաբաղյան պատերազմի տարիներին զբաղվել է գերիների փոխանակման հարցերով, ասում է, որ հայկական դիվանագիտությունը արձագանքելուց այն կողմ չի անցնում։ Ալավերդյանը Հայաստանի կառավարությանը հորդորում է նման դեպքերում բազմաթիվ մեթոդներով ու ձևերով միջազգային հանրությանը ստիպել կոնկրետ գործողությունների դիմել՝ ընդհուպ պատժամիջոցներ կիրառել հրադադարը խախտող Ադրբեջանի նկատմամբ։

«Երբ որ խոսում ենք խավիարի կամ նավթադոլարների մասին, ես զարմանում եմ, դա միշտ էլ եղել է, նոր չի հայտնվել։ Այսինքն հայկական դիվանագիտական, պետական և հասարակական միտքը պետք է այդ բոլորը ընդունի որպես ոչ բարենպաստ, բայց մշտական պայմաններ, որոնց մեջ էլ պետք է կարողանանք գտնել մեր ուղին։ Չկա լավ կամ վատ աշխարհաքաղաքական կամ քաղաքական իրավիճակ։ Կա կողմի ճիշտ և հօգուտ ազգային շահերի գործողություն»,- ասաց Ալավերդյանը։

Իրավապաշտանը նշում է, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը խփելով խախտել է իր իսկ կողմից ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթեր, այդ թվում և հրադադարի հաստատման մասին բիշքեկյան արձանագրությունը, որը կողմերը ստորագրել են 1994 թվականի մայիսի 5-ին։ Սրանից բացի, Ադրբեջանն անցած երկու օրերին շարունակում է խախտել Ժնևի կոնվենցիան՝ թույլ չտալով հայկական կողմին մուտք գործել չեզոք գոտի։

«Ժնևյան կոնվենցիաները և օժանդակ արձանագրությունները վաղուց արդեն Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունեն։ Եվ Ադրբեջանը օգտվում է ոչ միայն այն ընդհանուր աշխարհաքաղաքական շահերից, որ նշեցի, այլև նրանից, որ ընդհանուր առմամբ միջազգային մարդասիրական իրավունքի ամենախոցելի տեղը պատժելիության սկզբունքի իրականացման մեջ է, այսինքն չկա այն մեխանիզմը, որով դա կիրականացվի»,- ասաց Ալավերդյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG