Մատչելիության հղումներ

Գյումրի-Երևան երթուղայինի վթարի գործով «Կամազ»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել


Վթարի ենթարկված Երևան-Գյումրի թիվ 359 երթուղու ուղևորատար ավտոմեքենան, 10-ը նոյեմբերի, 2014թ.
Վթարի ենթարկված Երևան-Գյումրի թիվ 359 երթուղու ուղևորատար ավտոմեքենան, 10-ը նոյեմբերի, 2014թ.

Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում Երևան-Գյումրի ավտովթարի դեպքի առթիվ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենայի վարողի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

«Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով՝ «Իմէքս-Գրուպ» ընկերության վարորդ Մ. Վարդանյանը պարտավոր էր ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, սակայն վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու ուղևորատար ավտոմեքենային», - ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է՝ անզգուշությամբ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի, ինչպես նաև 6 ուղևորների մահը, 7 ուղևոր տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:

Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Նման դեպքերում նախատեսվում է ազատազրկում՝ 4-10 տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG