Մատչելիության հղումներ

logo-print

Արզումանյան․ «Վստահ եմ՝ այս անգամ էլ Ադրբեջանին հստակ պատասխան կտրվի»


Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

«Ադրբեջանը իր այս գործողություններով ի վերջո սանձազերծելու է պատերազմ, մենք դրան պատրաստ ենք», - հայտարարում է Հայաստանի նախկին արտգործնախարարը:

Օգոստոսի դեպքերից հետո Ադրբեջանը իր դասը չքաղեց և շարունակում է սադրիչ գործողություններ իրականացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի կարող է հանգեցնել հայկական ուղղաթիռի խոցումը:

«Դա տեղի է ունեցել, ի դեպ, հայկական տարածքի վրա, Ղարաբաղի տարածքի վրա, որևէ փորձ չի եղել սահման խախտելու: Դա ընդամենը զինավարժություններ են եղել, և սա ակնհայտ պրովոկացիա է: Հիմա կարևոր է, որ հստակ ներկայացվի միջազգային հանրությանը հանգամանքները», - նշեց Արզումանյանը:

Անդրադառնալով հայկական կողմի մտավախություններին, որ միջազգային կառույցները այնքան էլ միանշանակ չեն դատապարտում Ադրբեջանին, նախկին արտգործնախարարը նշեց, որ կարևոր է, որ բոլորը արձագանքել են, և պետք է հասկանալ, որ «որևէ մեկը՝ միջնորդները կամ որևէ շահագրգիռ կողմ, չի կարող միանշանակ մեկ կողմին [մեղադրել], պետք է երկու կողմերին էլ կոչ անեն հանդարտության»:

«Սա մեր խնդիրն է արդեն, կարծում եմ, որ Ադրբեջանը ի վերջո եթե նախորդ անգամ դաս չքաղեց, հաջորդ անգամ պետք է այնպիսի պատասխան ստանա, որ այլևս որևէ նկրտում չունենա», - ասաց Արզումանյանը՝ շարունակելով․ - «Մենք ունենք մարտունակ բանակ, ունենք պրոֆեսիոնալներ, որոնք տեղում կկողմնորոշվեն և տեղում դրա հստակ պատասխանը կտան: Մենք դրա ականատեսը եղանք օգոստոսին, երբ լայնածավալ դիվերսիոն գործողություններ էին իրականացվում Ադրբեջանի կողմից և մեր տղաները հստակ պատասխան տվեցին․ վստահ եմ՝ այս անգամ էլ է լինելու»:

«Ադրբեջանը իր այս գործողություններով ի վերջո սանձազերծելու է պատերազմ, մենք դրան պատրաստ ենք արդեն 23 տարի է, և որևէ խնդիր չկա՝ եթե լինի, պետք է բոլորս համախմբված դեմն առնենք», - եզրափակեց նախկին արտգործնախարարը:

XS
SM
MD
LG