«Իսլամական պետություն»-ը մի ձայնագրություն է տարածել, որում ծայրահեղական խմբավորման ղեկավար ներկայացող Աբու Բաքր ալ-Բաղդադին խոսում է այն մասին, որ եթե անգամ մեկ զինվոր ունենան, չեն հեռանա մարտադաշից։
17-րոպեանոց ձայնագրությունում նա նաև պնդում է, թե ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետության» դեմ սկսած ռազմական արշավը ձախողվում է։
Իսկ նոյեմբերի 13-ին Կոնգրեսում Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ կոալիցիան հաջողությունների է հասնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում։
Ուշագրավ է, որ «Իսլամական պետության» այս ձայնագրության հրապարակումը հաջորդեց Իրաքում ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններից հետո տարածված լուրերին, ըստ որոնց՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին զոհվել է: Ձայնագրությունից, սակայն, հստակ չէ՝ խոսողը նա՞ է, թե՞ ոչ։