Մատչելիության հղումներ

Չին - ամերիկյան համաձայնագիր ջերմոցային գազերի նվազեցման շուրջ


Չինաստանի մայրաքաղաք Պեկինի գլխավոր պողոտաներից մեկը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի գլխավոր պողոտաներից մեկը

Մթնոլորտը աղտոտող աշխարհի երկու խոշորագույն երկրների ղեկավարները համաձայնել են քայլերի դիմել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը վերահսկելու համար։

Չինաստանը թվական է նշանակել արտանետումների առավելագույն մակարդակ հաստատելու համար, իսկ Միացյալ Նահանգները խոստացել է լրացուցիչ նոր կրճատումներ հաստատել։

Փորձագետներն ասում են, որ թեև այդ քայլերը դրական են, հավանաբար բավարար չեն կլիմայի փոփոխության ամենավատ հետևանքները կասեցնելու համար։

Չինաստանի ածխածնի երկօքսիդի արտանետումների մակարդակը գերազանցում է նույնիսկ աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի՝ Միացյալ Նահանգների գրանցած մակարդակը։

Դյուք համալսարանից փորձագետ Թիմ Փրոֆեթայի համաձայն՝ աղտոտման մակարդակի մասին Միացյալ Նահանգների և Չինաստանի հայտարարությունները կարևոր են։

«Աղտոտման խնդիրը միայն Միացյալ Նահանգների և Չինաստանի հանձնառությամբ չի լուծվի, սակայն առանց այդ երկրների լուծումը բոլորովին անհնար է», - ասել է նա։

Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Չինաստանի արտանետումների մակարդակը առավելագույնի կհասնի 2030 թվականին։ Մինչև այդ թվականը Չինաստանի նպատակն է իր էներգիայի կարիքների 20 տոկոսը ստանալ ածխածնի երկօքսիդից զերծ աղբյուրներից։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ցանկանում է մինչև 2025 թվականը արտանետումների մակարդակը մեկ քառորդով նվազեցնել 2005 թվականի մակարդակից։

Սակայն նորընտիր Կոնգրեսի ղեկավարները, ներառյալ Սենատի մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելը, հավանաբար կընդդիմանան այս մակարդակներին։

«Արտանետումների նոր մակարդակի մասին համաձայնությունը առաջիկա 16 տարիներին Չինաստանից ոչինչ չի պահանջում, մինչդեռ ամերիկյան որոշ նահանգների համար մեծ դժվարություններ է ստեղծում», - ասել է ՄըքՔոնելը։

Ըստ պրոֆեսոր Փրոֆեթայի՝ համաձայնությունը կարևոր է նրանով, որ երկու երկրները ճիշտ ուղղությամբ ընթացող որոշումներ են կայացնում, որոնք կխրախուսեն հետագա գործողությունների իրագործումը։

Փորձագետները հուսով են, որ չին - ամերիկյան համաձայնագիրը առաջընթաց կարձանագրի դեկտեմբերին Պերուի կլիմայական գագաթնաժողովում համաշխարհային գործարքի կայացման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG