Մատչելիության հղումներ

Ուկրաինա ներխուժելու Պուտինի չորս շարժառիթները


Ռուս անջատականների հենակետը Դոնեցկի մոտակայքում, 13-ը նոյեմբերի, 2014թ.

Ռուս անջատականների հենակետը Դոնեցկի մոտակայքում, 13-ը նոյեմբերի, 2014թ.

«Պուտինը ռազմավարական ճիշտ քայլեր և հաշվարկներ է անում, նա ունի խաղի հստակ ծրագիր, իսկ Արևմուտքը` ոչ», - նկատում են արևմտյան վերլուծաբանները:

Արևմուտքի հետախուզական տվյալներով, Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի արևելյան շրջաններ է ուղարկում առանց տարբերիչ նշանների զինված ջոկատներ, մեծ թվով հրասայլեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ տեխնիկա։

Մոսկվան այդ տեղեկությունները կտրականապես հերքում է, սակայն ՆԱՏՕ-ն և Կիևը չեն բացառում ռուսների կողմից լայնածավալ նոր գործողության հնարավորությունը։

Business Week հանդեսի վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական կողմն ունի Ուկրաինայում պատերազմն ընդարձակելու չորս շարժառիթ։

Առաջինն այն է, որ Ուկրաինայում Գերագույն ռադայի անցած ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել են եվրոպամետ և արևմտամետ կուսակցությունները, ինչը Գերմանական Մարշալ հիմնադրամի (German Marshall Fund) վերլուծաբան Յորգ Ֆորբրիգի գնահատմամբ «ապտակ է Պուտինին»։

Մոսկվան այդքան հզոր ճնշում է գործադրել՝ կիրառելով քաղաքական, տնտեսական, քարոզչական և ռազմական լծակները, սակայն համառ ուկրաինացիները, միևնույն է, չեն հրաժարվել Եվրամիության հետ ավելի սերտ ինտեգրումից։ Եվ ահա ի պատասխան դրան՝ Վլադիմիր Պուտինը կարող է պատերազմի նոր փուլով մարտահրավեր նետել և թուլացնել Ուկրաինայի իշխանության դիրքերը։

Երկրորդ հանգամանքը վերաբերում է Ուկրաինայի արևելյան շրջանները հսկողության տակ պահող ռուս անջատականներին։ Նրանց դիրքերը շատ ամուր չեն։ Պատերազմի օգնությամբ ռուսները կփորձեն այդ տարածքում ստեղծել ավելի կայուն կազմավորում, որի հետ զուտ կազմակերպական առումով հեշտ կլինի աշխատել։

Երրորդ հանգամանքը Ղրիմն է։ Ռուսաստանը հիմա ստիպված է օդային կամ ծովային ճանապարհով իրականացնել Ղրիմի մատակարարումը։ Գուցեև Կրեմլում քննարկում են Արևելյան Ուկրաինայի տարածքով դեպի Ղրիմ ցամաքային միջանցք բացելու տարբերակը։

Եվ վերջապես, Յորգ Ֆորբրիգը նշում է Ուկրաինայում տեսանելի ապագայում նոր պատերազմ սկսելու ռուսների չորրորդ հնարավոր շարժառիթը։ Նրա կարծիքով, ռազմական գործողությունների նոր փուլը Պուտինին կտա Ուկրաինայի անջատականների նկատմամբ հսկողությունն ամրապնդելու, Դոնեցկի և Լուգանսկի վրա Ռուսաստանի ազդեցությունը վերականգնելու հնարավորություն։

Forbes հանդեսի վերլուծաբան Մելիք Քայլանի կարծիքով էլ, ռուսները 2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմի տարբերակով են գործում՝ նախ զինում են անջատականներին, հետո անջատականների ջոկատներ են ուղարկում ռուսական բանակի զինծառայողներին, իրավիճակը սրում-հասցնում են եռման կետի, ապա բացահայտ գործի են դնում իրենց կանոնավոր բանակի ամբողջ հզորությունը։

«Պուտինը ռազմավարական ճիշտ քայլեր և հաշվարկներ է անում, նա ունի խաղի հստակ ծրագիր, իսկ Արևմուտքը` ոչ», - ասել է Քայլանը, նշելով, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները պարտավոր են ավելի կոշտ և հստակ քայլերով արձագանքել Կրեմլի ագրեսիային։

XS
SM
MD
LG