Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը Մինսկի խմբին կոչ արեց հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա


Հայաստանի խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ռազմական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանի ամբիոնից մեկ առ մեկ հնչեցրեց զոհվածների անունները.- «Հարգելի պատգամավորներ, ուսումնավարժական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը։ Մեկ րոպե լռությամբ հարգենք զոհված զինծառայողների հիշատակը»։

Ազգային ժողովի նախագահը ընդգծեց, որ տեղի ունեցածը պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է, որն ուղղված է տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Ուստի Գալուստ Սահակյանը կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին դատապարտել տեղի ունեցածը և առավել հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա:

«Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով»,- ասաց Սահակյանը։

Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր նույնպես քննադատեց միջազգային կառույցներին: Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխանցմամբ՝ պետք է վերջ տալ երկակի ստանդարտների կիրառմանը. տվյալ դեպքում ակնհայտ է, որ եղել է զորավարժություն, որը որևէ սպառնալիք չէր ներկայացնում Ադրբեջանի համար, պարզ է նաև, որ Ադրբեջանը միտումնավոր հարվածել է զորավարժություններին մասնակցող ուժերին։ Հետևաբար պետք է վերջ տալ երկու կողմերին ուղղված ընդհանուր ձևակերպումներին և վերջապես հայտարարել, որ այսպես շարունակել չի կարելի, նշեց Վարդանյանը։

Բացի այդ, ՀՅԴ-ի համոզմամբ՝ մինչև հակառակորդը չզգա, որ մեկին տասնապատիկ պատժվում է, սադրանքները շարունակվելու են: Այս առումով Աղվան Վարդանյանը Հայաստանի զսպման քաղաքականությունը արդյունավետ չի համարում։

«Հակառակորդի հետ պետք է խոսել իր լեզվով, ցանկացած թուլության նշան, զիջման պատրաստակամություն կբերի եռակի, քառակի իրավիճակի սրման նրանց կողմից և ավելի հոխորտալու քաղաքականության։ Պիտի հակառակորդին տալ համարժեք պատասխան։ Փաստորեն մեր զսպման քաղաքականությունը դեռևս արդյունավետ չէ»,- ասաց նա։

Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ արդյունավետ չէ նաև Հայաստանի արտգործնախարարության աշխատանքը միջազգային կառույցների հետ, այս հարցում Հայաստանի արտաքին քաղաքականությունը պարզապես կաղում է.- «Մենք շուրջ երեք տարի խոսում ենք Լեռնային Ղարաբաղի օդակայանը վերագործարկելու մասին, խաղաղ թռիչքներ իրականացնելու մասին, այսօր Ադրբեջանը ասում է՝ ոչ թռիչքային գոտի է Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը։ Ուրեմն մենք չենք կարողացել միջազգային հանրության մեջ այնպիսի աշխատանք կատարել, որ մարդկանց տարրական տեղափոխության խնդիրները չեն կարողացել պարտադրել նաև միջազգային հանրությանը։ Եվ այստեղ է մեր արտգործնախարարության հիմնական թերությունը։ Ես չեմ ակնկալում արձագանք միայն մեր արտգործնախարարությունից։ Ես ակնկալում եմ աշխատանք, որի արդյունավետությունը մենք չենք տեսել այս տարիների ընթացքում»։

Իշխող Հանրապետականի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ում հրամանատարությամբ գործող գումարտակը և օպերատիվ խումբը ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտնչել են Քելբաջարի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրման ճակատամարտերում, վստահեցնում է՝ հայկական կողմի արձագանքը չի ուշանա։ Սակայն գեներալը նաև նշում է՝ հակառակորդի քայլերը շատ լավ են հասկանում և ամեն ինչ անելու են, որպեսզի թույլ չտան Ադրբեջանին պատերազմ սանձազերծել:

«Թուրքը էլի մնում է թուրք, իրա թրքությունն արեց։ Տղերքն էին ափսոս։ Ձենը կլսեք, էտի նենց բան չի, ասենք՝ էսօր մի հատ դիվերսիոն խումբ մտնի, կամ մի հատ վերտալյոտ կամ մի հատ սամալյոտ խփվի, դրա համար հո պատերազմ չենք սկսելո՞ւ։ Նախ իրենք հատուկ տենց պրովակացիա են անում, որ ուզենան հայկական բանակը սկսի։ Բայց մենք էդքան խելք ունենք։ Ուզում են այս սենց ագրեսիաներ անեն, որ մենք հունից դուրս գանք, բայց մենք էդքան խելք ունենք»,- ասաց Սարոյանը։

«Երկրապահի վարչության նախագահ Մանվել Գրիգոյանը երեկ և Ղարաբաղի նախագահին կոչ արեց, և մեր հանրապետության նախագահին։ Երկրապահը հենց էսօր էլ պատրաստ է, եթե մեր նախագահը որոշում կայացնի, զենք կվերցնենք ու կանգնած ենք։ Այ հենց սենց վատ սրված վիճակ է գալիս, հիշում են, որ Երկրապահը լավ կառույց է։ Բա որ ասում եմ՝ մի մնդռեք, մի քարկոծեք։ Բա դրա համար եմ ասում», - ասաց Սեյրան Սարոյանը։

Հավելենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել Հայաստանի և Արցախի իշխանություններին անմիջապես ճանաչել Արցախի տարածքային ամբողջականությունը։

«Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք, մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միևնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց՝ քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք ձեր և մեր մեղքն ու սխալը՝ թե ներքին, թե արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջև: Պետք է անմիջապես ճանաչել Արցախն ու իր տարածքային ամբողջականությունը և լծվել համազգային զորախմբման»,- այսօր տարածած հայտարարության մեջ հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG