Մատչելիության հղումներ

logo-print

Նախարարը խնդրում է երիտասարդ դասախոսներին ազատման դիմումներ չգրել


Նախարարն ասում է՝ «աներկբա է, որ այս խնդիրը լուծվելու է»։

Համատեղությամբ պետական և մասնավոր ոլորտներում աշխատող դասախոսների հարցը թերևս հնարավոր չի լինի լուծել առանց օրենսդրական փոփոխությունների, «Ազատության» հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարն ասել էր, թե օրենսդրական փոփոխությունների խնդիր չկա, ժամկետների առումով էլ հորդորում էր սպասել Ֆինանսների նախարարության արձագանքին:

Այսօր Աշոտյանը թեև ժամկետներ չնշեց՝ ընդգծելով, որ չգիտի, թե երբ կյանքի կկոչվեն այդ փոփոխությունները, սակայն պնդեց, որ խնդիրը լուծվելու է:

«Աներկբա է, որ խնդիրը գոյություն ունի, որ խնդիրը կարևորագույն խնդիրներից մեկն է, աներկբա է, որ այս խնդիրը լուծվելու է. փորձում էինք տալ լուծումներ՝ առանց օրենքի փոփոխության։ Իրավաբաններն ասում են, որ մեր այդ մոտեցումը գուցե հնարավոր չլինի իրականացնել։ Կրթության նախարարությունը կրթության ոլորտի պատասխանատուն է, խնդրի մասին բարձրաձայնողը և մեր այլ գերատեսչությունների հետ միասին լուծում փնտրողը, բայց հիմնական գերատեսչությունը, որը զբաղվելու է այս հարցով, Կրթության նախարարությունը չէ, որովհետև խնդիրը ֆինանսական բլոկում է գտնվում, և երեկ պարոն Խաչատրյանը հստակ ասաց, որ գնում է պրոցեսը», - ասաց կրթության նախարարը։

Ավելի քան երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարգադրել էր Ֆինանսների նախարարությանը գտնել այնպիսի լուծում, որ պետական բուհերում համատեղությամբ դասախոս աշխատող երիտասարդները կարողանան հրաժարվել պարտադիր սոցիալական վճարից, հակառակ դեպքում նրանք ստիպված են նաև իրենց հիմնական՝ մասնավոր աշխատավայրից վճարումներ կատարել։

Համատեղությամբ աշխատող դասախոսներն արդեն երեք ամիս սպասում են, որ Ֆինանսների նախարարությունն ի վերջո լուծի պարտադիր սոցիալական վճարի կրկնակի գանձման հարցը:

Երեկվա բողոքի ակցիան ևս ոչինչ չփոխեց․ բարձրաստիճան ոչ մի պաշոտնյա դուրս չեկավ նրանց ընդառաջ, ավելին՝ ոստիկանական պատն էլ պաշտպանում էր Ֆինանսների նախարարության պատերը բողոքող դասախոսներից:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր «Ազատությանը» պատասխանեցին, որ դեռ աշխատում են վարչապետի հանձնարարականի վրա, սակայն այդպես էլ խնդրի լուծման հստակ ժամկետ չկարողացան նշել։

Դասախոսներն ասում են, որ սպասելու ժամանակ այլևս չունեն․ նրանք ստիպված են մինչև դեկտեմբերի 25-ը կամ բուհի հետ պայմանագիր ստորագրել, կամ պարզապես հրաժեշտ տալ դասախոսական գործունեությանը։

Կրթության նախարարն այսօր հորդորեց դասախոսներին չլքել բուհերը. - «Համենայն դեպս, որևէ դասախոս չի տուժելու, ես խնդրում եմ բոլոր երիտասարդ դասախոսներին, որոնք դեռ չեն գրել ազատման դիմումները, չանել դա, և սպասել։ Խնդիրն անպայման լուծում է ստանալու»։

Հայ-ռուս սլավոնական համալսարանի դասախոս Սուրեն Էյրամջյանը, սակայն ասում է՝ եթե իշխանությունները գոնե խոստանան, որ մինչև դեկտեմբերի 25-ը հարցին լուծում կտան, այդ ժամանակ հորդորներին կարելի է դեռ սպասել: Հակառակ դեպքում գոնե պետք է վերջնաժամկետը երկարաձգել, կարծում է դասախոսը:

Ինչ վերաբերում է հնարավոր օրենսդրական փոփոխություններին, ապա, ըստ Էյրամջյանի, պետական պաշտոնյաները ուշացումով են այդ մասին խոսում, երբ բոլորն են հասկանում՝ քիչ հավանական է այսքան կարճ ժամանակում օրենք փոխել:

XS
SM
MD
LG