Մատչելիության հղումներ

ՀԲ-ն կարող է իջեցնել Հայաստանի՝ 2015-ի տնտեսական ցուցանիշները


Համաշխահրային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլի, 13-ը նոյեմբերի, 2014թ․

Համաշխահրային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլի, 13-ը նոյեմբերի, 2014թ․

Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումների շարունակվելու դեպքում Համաշխարհային բանկը կիջեցնի Հայաստանի գալիք տարվա տնտեսական ցուցանիշները, այսօրվա ասուլիսում հայտարարեց բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը իջեցրել է երկրի այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը՝ 0.4-ից դարձնելով 0.3 տոկոս: Էլ ավելի կարևոր է, որ ըստ բանկի գնահատականի, գալիք տարի Ռուսաստանը կունենա 0 տոկոս աճ, այսինքն՝ տնտեսական աճ ընդհանրապես չի լինի:

Սակայն սա էլ ամբողջը չէ․ ըստ Կենտրոնական բանակի զեկույցի, եթե նավթի գները շարունակեն իջնել, և սև ոսկու մեկ բարելի գինը հասնի 60 դոլարի, 2015-ին Ռուսաստանին սպասվում է 3.5 - 4 տոկոս տնտեսական անկում:

Նշվածին եկավ գումարվելու ռուբլու սրընթաց արժեզրկումը․ ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի` տարվա սկզբից ռուբլին արժեզրկվել է ավելի քան 40 տոկոսով:

«Մեկ բան կարող ենք հստակորեն ասել․ քանի որ Հայաստան եկող տրանսֆերտներն ու Ռուսաստանի տնտեսության վիճակը փոխկապակցված են, Ռուսաստանը [կարևոր] շուկա է հայաստանյան գյուղմթերքների արտահանման համար և ռուսական ռուբլու փոփոխությունները ազդում են հայաստանյան գործարարների վրա, միանշանակ է՝ եթե Ռուսաստանում միտումները վատանան, դա իր ազդեցությունը կունենա մեր կանխատեսման վրա, ըստ որի գալիք տարի Հայաստանի տնտեսությունը կունենա 3.3 տոկոս աճ», - ասաց Լորա Բեյլին:

Հիշեցնենք, որ 2015-ի համար Հայաստանի կառավարությունը կանխատեսել է 4.1 տոկոս աճ:

Հարցին, թե նման պայմաններում Կառավարությունը կկարողանա՞ ապահովել գալիք տարվա տնտեսական աճը Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը պատասխանեց․ - «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, անշուշտ, բերելու է դեպի ռուսական, ղազախական և բելառուսական շուկաներ մեր ապրանքների ավելի հեշտ ներթափանցմանը, բայց կա նաև մեկ այլ գործոն՝ դա բերելու է նաև տնտեսության էլ ավելի կապակցվածությանը ռուսական տնտեսության հետ, իսկ ինչը նշանակում է, որ ռուսական տնտեսության մեջ որոշակի դրական կամ բացասական միտումները էլ ավելի ուղղակիորեն կարող են և իմ կարծիքով, ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա»:

«Անշուշտ, նմանատիպ բացասական միտումները, կարծում եմ, ազդեցություն կունենան և որոշակի ճնշումների, բացասական, մեր տնտեսության առումով նույնպես կարող են առաջացնել: Էստեղ կարևորը ճիշտ գործիքներ ընտրել և հնարավորինս օպերատիվ արձագանքել նման մարտահրավերներին», - ասաց Մելքոնյանը:

Հարցին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հնարավոր նոր ճգնաժամի՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների հետ, Մելքոնյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, առաջիկայում բյուջեն Ազգային ժողովում քննարկելուց և բյուջետային ուղերձի շրջանակներում բոլոր այդ հարցերի պատասխանները դուք կստանաք»:

Մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի խոսքերը՝ տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանն ասաց, որ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի է բախվելու:

«Այն, ինչ որ մենք տեսանք 2009 թվականին, էդքան էլ հեռու չի, հիշողության առումով կարող ենք վերականգնել, բայց էն ժամանակ մենք ունեինք ընդամենը 1.5 միլիարդ դոլարի պարտք, որը համախառն ներքին արդյունքի համեմատ 25-30 տոկոս էր կազմում, իսկ հիմա արդեն մենք ունենք արտաքին պետական պարտք մոտավորապես 5 միլիարդ, դա այս տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է, և հետագայում էդ հնարավորություններից օգտվել չենք կարող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Վերջում նշենք, որ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում այսօր ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու, որ բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 75 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին, որն ուղղվելու է գործարար միջավայրի, քաղաքացիական ծառայության, հանրային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

XS
SM
MD
LG