Մատչելիության հղումներ

Վադիմ Դուբնով․ «Միջադեպը Ղարաբաղում լայնածավալ գործողությունների սկիզբ չի դառնա»


Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնով, արխիվ

Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնով, արխիվ

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ռազմական լայնածավալ գործողությունները հայ - ադրբեջանական սահմանին ձեռնտու չեն ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին և ոչ էլ Ռուսաստանին։

Երեկվա ողբերգական միջադեպը Ղարաբաղում լայնածավալ գործողությունների սկիզբ չի դառնա: «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը։

«Ամռանը մենք ականատես էինք ավելի լուրջ լարվածության, և այն ժամանակ ասում էին, թե սա պատերազմի սկիզբ է՝ իրականում այդպես չեղավ։ Ես համոզված եմ և շատ եմ ուզում, որ այս անգամ էլ ուղղաթիռի հետ կապված միջադեպը չդառնա լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ», - ասաց ռուսաստանցի փորձագետը։

Դուբնովի խոսքով՝ հայ - ադրբեջանական շփման գոտում այսօր ռազմական գործողությունները ձեռնտու չեն ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ էլ երրորդ ուժին՝ Ռուսաստանին։

«Մի կողմից՝ Մոսկվային ձեռնտու է ստանձնել Ղարաբաղում մի փոքր լարվածության կարգավորողի դերը, մյուս կողմից՝ ցանկացած լարվածություն Ղարաբաղում կարող է վերածվել լայնածավալ գործողությունների, որոնք այսօր ամենևին էլ չեն բխում Ռուսաստանի շահերից», - ասաց փորձագետը։

Դուբնովի կարծիքով՝ նման միջադեպ կարող է պատահել ամեն օր, և «դժվար թե Բաքվից կամ Երևանից հրամանատարները իրավիճակը սրելու հրահանգ են ստացել»։

Ռուսաստանցի փորձագետը նաև խուսափեց զուգահեռ անցկացնել Ղարաբաղում վերջին ամիսների լարվածության և վրաց - օսական շփման գոտում 2008 թվականին ռուս - վրացական պատերազմի նախօրեին տեղի ունեցած զարգացումների միջև։

«Տարբեր հակամարտություններ են: Վրաստանը 2008-ին պատերազմ էր սկսել Ռուսաստանի դեմ՝ միանշանակ էր, որ եթե ռազմական գործողություններ է սկսում Ցխինվալիի դեմ, նշանակում է, որ ռազմական գործողություններ է սկսում Մոսկվայի դեմ։ Ղարաբաղում իրավիճակը ուրիշ է. Մոսկվան չեզոք դիրք է որդեգրել այս հակամարտությունում, թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է։ Պատերազմը Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ չի նշանակում պատերազմ Ռուսաստանի դեմ», - ասաց Դուբնովը։

XS
SM
MD
LG