Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը


Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ միջադեպի պատասխանատվությունը կրում է հայկական կողմը:

«Լարվածության աճի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով, ինչպես բազմիցս հայտարարվել է Ադրբեջանի կողմից, իրադրության լարվածության պատասխանատվությունը ամբողջովին Հայաստանի վրա է», - նաև հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Հիշեցնենք` Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երեք անդամներ զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG