Մատչելիության հղումներ

«Յոլա տանելու, առաջընթաց չապահովող». Ոչ իշխանական ուժերը՝ բյուջեի նախագծի մասին


«Յոլա տանելու, առաջընթաց չապահովող». Ոչ իշխանական ուժերը՝ բյուջեի նախագծի մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

2015-ի բյուջեի նախագիծը խորհրդարանի ոչ իշխանական պատգամավորները այսօր անանուն չթողեցին։ «Բարգավաճ Հայաստանից» Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ հաջորդ տարվա բյուջեն «յոլա տանելու» է, Վահան Բաբայանի խոսքով՝ «առաջընթաց չապահովող»։

Հայ ազգային կոնգրեսից Ստեփան Դեմիրճյանն ասաց՝ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթին կարելի է տալ ցանկացած որակում, բացի զարգացմանից։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բյուջեի նախագիծը սոցիալական էր որակել։

Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հակադարձեց ընդդիմադիրներին.- «Շատ է, քիչ է, ես այդ չափն էլ չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ 2015 թվականի բյուջեով մենք կարողանում ենք անել այն, ինչ կարողանում ենք, այսինքն կենսաթոշակները պայմանական բարձրացնել 14 տոկոսով, ոչ թե 25 տոկոսով»։

Դեռ անհայտ է՝ խորհրդարանական որ խմբակցությունը կպաշտպանի հանրապետական կառավարության ներկայացրած 2015 թվականի բյուջեն։ Դեմ կքվեարկի «Ժառանգությունը», քննադատական են տրամադրված ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը», անգամ Հովիկ Աբրահամյանի հետ խնամիական կապեր ունեցող Գագիկ Ծառուկյանի կուսակցության՝ ԲՀԿ-ի ներկայացուցչները։

Խմբակցության մի քանի պատգամավորներ քննադատեցրին բյուջեի նախագիծը՝ մեղքի առյուծի բաժինն, այնուամենայնիվ, գցելով Տիգրան Սարգսյանի կառավարության վրա։ ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց.- «Անհրաժեշտ են ռադիկալ և նախորդ կառավարության ավերած համակարգը այլևս նույնիսկ յոլա տանելու մակարդակով չի կարող գործել այս չնչին փոփոխություններով, եթե նույնիսկ դրանք կատարվեն»։

Միքայել Մելքումյանը քննադատեց ու նկատեց.- «Մենք բոլորս համոզված ենք, որ այն իրերի վիճակը, որը ստեղծվել է մեր հանրապետությունում, ապրիլին նշանակված կառավարությունը միանշանակ չէր կարող կտրուկ փոխել»։

ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ այս կառավարությունը նախորդի օրգանական շարունակությունն է.- «Այսօր բիզնեսը վաղուց սերտաճել է պետական, կառավարման համակարգի հետ, այն իշխանության հետ է, իշխանության մեջ է, կառավարությունում է»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նկատեց՝ ներկայացված բյուջեով հնարավոր է միայն աշխատավարձեր վճարել։ Նրա խոսքով՝ կառավարությունը թույլ չի տալիս տնտեսության զարգացում։

«Ինչ մի գովալու բան է, թե աշխատավարձերը շատ են։ Բոլորը երազում են կամ բիզնեսմեն դառնալ, մի օլիգարխի հետ լավ լինեն, կամ էլ դասավորվեն, մի լավ աշխատավարձ ստանան։ Էսպես բա՞ն կլինի։ Հանրապետությունը չի աշխատում, իսկ նա պիտի աշխատի»։

Պատգամավորներից շատերը կասկածում էին, որ կառավարությանը հաջորդ տարի կհաջողվի ապահովել նախատեսված 4.1 տոկոսանոց տնտեսական աճը։ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ 2013- 2017 թվականներին այն կառավարությունը, որը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա։ Անցած կառավարությունը չապահովեց, հրաժարական չտվեց, Աբրահամյանի կառավարությունն էլ, ըստ կանխատեսումների, տնտեսական այդպիսի ցուցանիշներ չի արձանագրի, իսկ հրաժարակա՞ն կտա։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց՝ տնտեսական ցածր աճի պատճառով՝ ոչ։

«Այդ հայտարարությունից հետո աշխարհը բավականին փոխվեց, աշխարհը խառնվեց, այդ իրողությունները դեռևս չկային։ Ուրեմն պիտի մտածեինք, որ «Իսլամական պետություն» կառաջանա, դա ամբողջ աշխարհի տնտեսության վրա է բացասական ազդում, առավել ևս Հայաստանը այդ իմաստով վտանգավոր գոտում է գտնվում»,- ասաց Սահակյանը։

Հանրապետականը ինչքա՞ն է մտադիր իշխանության մնալ։ Գալուստ Սահակյանն ասաց.- «Մինչև Ղարաբաղի միջազգային ճանաչումը ապահովվի»։

XS
SM
MD
LG